Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։ Այս մասին գրում է factor.am-ը։

Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։ Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։ Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։ Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։ «Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»,-նշվում է որոշման մեջ: Ի թիվս այլնի, արգելվում է ներս բերել ալկոհոլային խմիչք (բացառությամբ հատուկ դեպքերի)։ Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։ Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։ Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։ Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։ Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։ Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։ Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։ Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։ Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը, փաստորեն, չի սպասել 9-րդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուն և նոր որոշումը ստորագրել է՝ օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը արձակուրդում գտնվելու փաստից։

Source: https://news.am/hy/news/1052168