Մեղադրանքի քննարկվող հատվածը բովանդակազուրկ է, այլ կերպ ասած, եթե այս դատարանը իրավասու չէ գնահատել նախագահի հրամանագրի սահմանադրությանը համապատասխանելու հարցը և փոխարենը պարտավոր է առաջնորդվել դրա սահմանադրական լինելու կանխավարկածով, ապա այդ մասով Ռոբերտ Քոչարյանը իր լիազորություններից դուրս գալու հանցավոր արարքի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով (վերաբերվում է մարտի 1–ի դեպքերին–խմբ) դատաքննության ժամանակ նշեց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Այսպիսով կարելի է արձանագրել, որ նույնիսկ առանց փաստաթղթի վերաբերյալ բովանդակային քննարկման արտակարգ դրության հայտարարումը որպես սահմանադրաիրավական գործընթաց, իրականացվել է նախագահի սահմանադրության վերապահված լիազորությունների շրջանակներում։ Հետևաբար, այս բոլոր փաստերի առնչությամբ պարոն Քոչարյանը օժտված է գործառութային կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից։
Արտակարգ դրության հրամանագիրը սահմանում է նաև զինված ուժերի որոշակի պարտականություններ։ Պարոն Սեյրան Օհանյանի մեղադրանքի կտորը նաև այն է, որ ինքը, ըստ էության, զինված ուժերի անունից հայտարարություն է արել։ Այդ դեպքում, հրամանագրով ուղղակի արձանագրված է այն, որ ռեժիմի պահպանման պարտականությունը դրված է նաև զինված ուժերի վրա։ Տվյալ փաստաթուղթը կրկնում եմ շարունակում է լինել գործող և հիմա եթե ինչ-որ ձևով դա վերացվի էլ արդեն չկարող գործի այս գործի համար։ Այս պահի դրությամբ արդեն իսկ առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու միանշանակ բացարձակ հիմք»,–ասաց նա։
Օրբելյանը անդրադարձավ նաև այն դրվագին, որ 2008 թվականի փետրվարի 29–ին Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ–ում հանդիպման ընթացքում Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է թատերական բեմադրություն, և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով այդ հրապարակը մաքրելը. «Ինչպես նշվել է մեղադրանքում, տվյալ գործողությունը հիշատակվել է որպես հնարավոր տարբերակ, ինչն իրավաչափ է և բխում է պետական անվտանգության սպառնացող խնդիրների լուծման հնարավոր տարբերակներից։ Այստեղ կարևոր է այն, որ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանին չի մեղադրում, որ ինքը հրահանգել է ոստիկանական ուժերին ոստիկանական գործողություններ կիրառելով հրապարակը մաքրել, չկա տենց մեղադրանք տեքստի մեջ։ Ոստիկանական ուժերի հետ կապված Ռոբերտ Քոչարյանին առաջադրված որևէ մեղադրանք չկա, գոյություն չունի, չի գրված։ Մեղադրանքը վերաբերում է զինված ուժերին և մարտի 1–ի հրամանագրին։
Ամփոփելով կատարված վերլուծությունը, կարելի է արձանագրել, որ մեղադրական եզրակացությունում տեղ գտած այն բոլոր ձևակերպումները, որոնք այնքանով, որքանով կարող են ընկալվել որպես 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմ, գտնում եմ, որ նախագահի հայեցողական լիազորությունների և կարգավիճակի փոփոխությունների տիրույթում են»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։
Source: https://news.am/hy/news/1049058