Ամերիկացի սենատորների մի խումբ կոչ է արել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող իրենց գործընկերներին արգելափակել 2027 թվականի ազգային պաշտպանության կարիքների համար հատկացումների մասին օրինագծի (NDAA) քննարկումը, քանի դեռ դրանում չեն վերանայվել և կրճատվել Իսրայելին օգնության ծախսերը։ Այդ մասին, հղում կատարելով սենատորների խմբի նամակին, հայտնել է Reuters գործակալությունը։

Նամակը նախաձեռնել են հինգ դեմոկրատ սենատորներ և անկախ օրենսդիր Բեռնի Սանդերսը, և այն հասցեագրված է Սենատում Դեմոկրատական կուսակցության ողջ խմբակցությանը, որն ունի 45 ներկայացուցիչ։ Փաստաթղթում սենատորները քննադատում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը և նշում նրա հետ համագործակցության անթույլատրելիությունը։ Ինչպես նշել է գործակալությունը, նամակը վկայում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներսում Իսրայելին աջակցելու հարցում աճող պառակտման մասին։

ԱՄՆ Կոնգրեսը մշակում է պաշտպանական հատկացումների մասին օրինագիծը՝ հաշվի առնելով կառավարության առաջարկած թվերը, որոնք նախատեսում են 1,5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջեի ձևավորում։ Օրինագիծն առանձին ներկա տեսքով նախատեսում է ամերիկա-իսրայելական համագործակցության խորացում պաշտպանության ոլորտում, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության ընդլայնում։

Source: https://news.am/hy/news/1049061