Գերմանական ավտոմեքենաների արտադրող Porsche-ը ծախսերը նվազեցնելու շրջանակում նախատեսում է կրճատել մոտ 4 հազար աշխատատեղ, գրում է Handelsblatt թերթը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։
Handelsblatt-ը ճշտում է, որ առաջին հերթին կրճատումները կվերաբերեն ընկերության վարչական և կառավարչական անձնակազմին․ այսպես, Porsche-ի գերմանական Վայսախ քաղաքում գտնվող հետազոտական կենտրոնի արտադրական հզորությունները կարող են կրճատվել 30%-ով։
Հունիսին Manager Magazin պարբերականը հայտնել էր, որ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը, որի մաս է կազմում Porsche-ը, մտադիր է առաջիկա տարիներին ամբողջ աշխարհում կրճատել մինչև 100 հազար աշխատատեղ՝ ընդհանուր 657 հազարից, իսկ վարչության ինը անդամներից վեցը մտավախություն ունեն կոնցեռնի հնարավոր փակման վերաբերյալ։
Ավելի վաղ Bosch Mobility-ի արտադրական խորհրդի ղեկավար Ֆրանկ Զելլը Spiegel թերթին տված հարցազրույցում կոչ էր արել ստեղծել աշխատանքային խումբ՝ ԳԴՀ իշխանությունների, բիզնեսի ներկայացուցիչների և արհմիությունների մասնակցությամբ՝ գերմանական ավտոմոբիլային ճյուղի ճգնաժամի ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1048114