Եվրահանձնաժողովը պատրաստել է փորձագիտական զեկույց երեխաների համար սոցցանցերի վտանգի մասին՝ դրանց օգտագործման համաեվրոպական տարիքային սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ զեկույցը, որի պատրաստմանը մասնակցել են տասնյակ փորձագետներ, այդ թվում՝ հոգեբաններ, կհրապարակվի երկուշաբթի և կդառնա Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման համաեվրոպական արգելք սահմանելու «լավ ծրագրված արշավի առանցքային քայլը»։

Եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ զեկույցը կոչված է թերահավատ դիրքորոշում ունեցող անդամ պետությունների կառավարություններին համոզել նման քայլի անհրաժեշտության հարցում՝ տրամադրելով «ապացուցողական բազա»։

Սոցցանցերի օգտագործման համար համաեվրոպական տարիքային սահմանափակումներ սահմանելու կոնկրետ ծրագրերը ֆոն դեր Լայենը մտադիր է հրապարակել սեպտեմբերին։ Նոր կանոնները կարող են թվային հարթակներին պարտավորեցնել թույլ չտալ սահմանված տարիքին չհասած երեխաներին օգտահաշիվներ ստեղծել։

ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Դանիան և Հունաստանը, արդեն մշակում են երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը սահմանափակելու իրենց սեփական կանոնները։ Ավստրալիան աշխարհում առաջինն է սահմանել 16 տարեկանից ցածր անձանց համար խոշոր սոցցանցերում գրանցվելու արգելք։

Source: https://news.am/hy/news/1049109