Վանաձորի 19 համարի ավտոբուսը վերջին տարիներին անկանոն է աշխատում։ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բնակիչ Լուսինե Սարգսյանը բողոքեց, որ շատ ժամանակ տարբեր պատճառաբանություններով իրենց եւ հարակից թաղերը սպասարկող միակ ավտոբուսը երթուղի դուրս չի գալիս։

«Վերջին 1– 2 տարին շատ անկանոն է աշխատում, պատահում էր, որ վարորդները գծից դուրս էին գալիս, երեխաներին էքսկուրսիա տանում, տոն օրերին ընդհանրապես չէին աշխատում»,– պատմեց նա։

Լուսինեն Տարոն 1 թաղամասի բնակիչների հետ միասին, որը թիվ 19 ավտոբուսի երթուղու առաջին կանգառն է, ստորագրահավաք են իրականացրել և ուղարկել Վանաձորի համայնքապետարան։

«Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարից ուղղակի ծիծաղելի պատասխան ստացանք, որ աշխատանքներ են տարվում երթուղային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու ուղղությամբ, բայց, իհարկե, ոչ մի բան չկանոնակարգվեց, ավելի վատացավ, եկանք հասանք մի կետի, որ ընդհանրապես երթուղին հանեցին շահագործումից»,– ասաց Լուսինե Սարգսյանը։

Բնակչի խոսքով ավելի ուշ նրանց ասել են, որ երթուղին շահութաբեր չի, և վարորդները հրաժարվում են ավտոբուսները վարել. «Հիմա փաստի առաջ ենք կանգնած, չգիտենք՝ սեպտեմբերին երեխաները ո՞նց են գնալու դպրոց, խմբակներ, մարզադահլիճներ։ Ոտքով գնալու ճանապարհ չի»։

Վանաձորի համայնքապետանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ Վանաձորը համայնքային մեքենաներ չունի դեռևս, մինչև նոր ավտոբուսների ժամանելը պարբերաբար մրցույթ են հայտարարում, սակայն, մասնակցող չի լինում։

«Նոր ենք պատվիրել 45 ավտոբուս, որպեսզի ամբողջ քաղաքի համար որևէ երթուղու մրցույթ չհայտարարվի։ Մրցույթի համար մասնակիցներ չի լինում, որովհետև, ասում են, բնակիչները քիչ են, և հրաժարվում են աշխատել։ Մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները արդեն կլինեն Վանաձորում»,– հայտնեց Աստղիկ Ավետիսյանը։

Մինչ Վանաձոր կհասնեն խոստացված 45 նոր ավտոբուսները, տեղի բնակիչները շարունակում են մնալ անորոշության մեջ՝ չիմանալով, թե առաջիկա ամիսներին ինչպես են կազմակերպելու իրենց ամենօրյա տեղաշարժը։

Source: https://news.am/hy/news/1050188