Հունաստանը բացասաբար է վերաբերվում Թուրքիային ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հնարավոր վաճառքին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ ընդգծելով, որ Աթենքը նման քայլը համարում է սպառնալիք Արևելյան Միջերկրականում կայունությանը, հայտնում է Kathimerini։

«Անկեղծ ասեմ՝ Հունաստանը գոհ չէ, որ Թուրքիան կարող է ստանալ F-35։ Մենք նաև չենք ողջունում Թուրքիային նոր սերնդի ինքնաթիռների շարժիչների մատակարարումները», — հայտարարել է Դենդիասը Աթենքում The Economist ամսագրի համաժողովում։

Նրա խոսքով՝ սպառազինության վաճառքի որոշումը ԱՄՆ-ի ինքնիշխան իրավունքն է, սակայն Աթենքը հարց է բարձրացնում, թե արդյոք այն համապատասխանում է Վաշինգտոնի ռազմավարական շահերին։

«Եթե Արևելյան Միջերկրականում մի երկրին փոխանցվում է նման ռազմական հարթակ՝ առանց հստակ երաշխիքների, որ այն չի օգտագործվի ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի դեմ, արդյոք դա համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին՞», — նշել է նախարարը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Անկարայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորությունը՝ F-35-ի վաճառքի ճանապարհը բացելու համար։

Սակայն գործարքը շարունակում է բախվել լուրջ իրավական խոչընդոտների։ Այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, ԱՄՆ Կոնգրեսը արգելեց Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը՝ համարելով, որ ռուսական համակարգերը սպառնալիք են ամերիկյան տեխնոլոգիաների անվտանգությանը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, չսկսեց ուղիղ քննադատել ամերիկյան նախագահին, սակայն ընդգծեց, որ դաշինքի միասնությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի պահպանման և ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների շահերի հաշվառման վրա։

Source: https://news.am/hy/news/1048914