Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է միջնորդական ջանքերը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակելու Իսլամաբադի պատրաստակամությունը:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանային զարգացող իրավիճակը և ընդգծել զսպվածության, երկխոսության ու դիվանագիտության անհրաժեշտությունը՝ վերջին ամիսներին դժվարությամբ ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունները պահպանելու համար: Ես վերահաստատել եմ Պակիստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս խաղալու իր դերը որպես ազնիվ ու անկեղծ միջնորդ՝ տարածաշրջանային հաստատուն խաղաղություն հաստատելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Շարիֆը:

Նա նշել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածության հետագա սրումը կանխելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչից հետո շվեյցարական Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան բանակցություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող համաձայնագրի պայմանները խախտելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, թեև բանակցային գործընթացը շարունակվում է։

Source: https://news.am/hy/news/1049177