«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում շարունակաբար ընդլայնվում և նոր որակ են ստանում հողերի տեսակի որոշմանն ուղղված մասնագիտական փորձաքննությունները: Հայտնում են Կենտրոնից։
Կենտրոնն այս նպատակով համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով, կիրառում է առաջադեմ մեթոդներ և վերլուծական նոր մոտեցումներ։
Փորձագետների կատարած ծավալուն և խորքային ուսումնասիրությունները հիմք են դարձել ոլորտում նորարարական լուծումների ձևավորման համար։ Մասնավորապես, մշակվել և գործնականում հաջողությամբ կիրառվում է հողերի տարբերակման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդաբանություն, որը հիմնված է հողերի ֆիզիկաքիմիական հատկանիշների համալիր գնահատման, սպեկտրալ հետազոտությունների և օրգանական կազմի որոշման արդյունքների համակցված վերլուծության վրա։
Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում արդեն իսկ սահմանվել են հողերի տեսակային պատկանելության որոշման համար առավել տեղեկատվական և գործնական նշանակություն ունեցող չափանիշներ։ Վերջիններս թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել հետազոտությունների ճշգրտությունն ու տրվող փորձագիտական եզրակացությունների հիմնավորվածությունը։
Ստացված բարձր արդյունքները հիմնարար հիմք են հանդիսանում հողերի նմուշների հետագա փորձագիտական հետազոտությունների զարգացման և մեթոդական կատարելագործման համար՝ միտված լինելով ապահովելու փորձագիտական եզրակացությունների հավաստիությունն ու ապացուցողական բարձր արժեքը, ինչպես նաև ամրապնդելով կենտրոնի դերը մասնագիտական գնահատման ոլորտում։
Source: https://news.am/hy/news/1052207