Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններում (ՆՎԳ) նավթի վերամշակման ծավալները հուլիսին նվազել են մինչև 2005 թվականից ի վեր ամենացածր մակարդակը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով EA Analytics-ի տվյալներին։

Ընթացիկ ամսվա առաջին շաբաթներին ՌԴ նավթավերամշակման գործարանները օրական վերամշակել են 3,91 մլն բարել հումք՝ 40 հազարով պակաս, քան հունիսին, 673 հազարով պակաս, քան մայիսի մակարդակը, և 1,445 մլն-ով պակաս, քան տարվա սկզբին։

Անցյալ տարվա հուլիսի համեմատ գործարանների բեռնվածությունը կրճատվել է 27%-ով, կամ օրական 1,424 մլն բարելով, իսկ մինչև պատերազմը եղած 2021 թվականի հուլիսի համեմատ՝ 30%-ով, կամ օրական 1,649 մլն բարելով։

Վերջին 100 օրերի ընթացքում, Bloomberg-ի հաշվարկներով, ուկրաինական անօդաչու սարքերը շուրջ 50 անգամ հարձակվել են նավթավերամշակման գործարանների վրա՝ խոցելով առնվազն 24 կայան։ ԱԹՍ-ների թիրախ են դարձել ոչ միայն Կենտրոնական Ռուսաստանի գործարանները, որոնցից գրեթե բոլորն են վնասվել, այլև Ուրալից այն կողմ գտնվող գործարանները, այդ թվում՝ ուկրաինական սահմանից 2,5 հազար կմ հեռավորության վրա գտնվող Օմսկի գործարանը։

«Energy Intelligence»-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռուսաստանում նավթի վերամշակման ներկայիս ծավալներն է՛լ ավելի ցածր են՝ օրական մոտ 3,58 միլիոն բարել։ Սա կարող է լինել ամենացածր ցուցանիշը՝ առնվազն սկսած 2002 թվականից։ Պարբերականը նշում է, որ այս պահին պարապուրդի մեջ են օրական 3,1 միլիոն բարել ընդհանուր հզորությամբ նավթավերամշակման կայաններ, ու դեռ պարզ չէ, թե երբ նավթային ընկերություններին կհաջողվի վերագործարկել դրանք։

Ռուսաստանի խոշորագույն՝ Օմսկի նավթավերամշակման գործարանից բացի (օրական 420 հազար բարել հզորությամբ), աշխատանքը դադարեցրել է նաև «Տատնեֆտ» ընկերությանը պատկանող «Տանեկո» գործարանը, որը նույնպես երկրի խոշորագույնների շարքում է (օրական 340 հազար բարել հզորությամբ)։ Ըստ «Energy Intelligence»-ի գնահատականների՝ նավթամթերքի դեֆիցիտը Ռուսաստանում այս պահին հասնում է ամսական 400-600 հազար տոննայի։ Ընդ որում, Բելառուսից և Ղազախստանից ստացվող մատակարարումները կարող են ծածկել այդ պակասորդի միայն կեսը։

«Kpler» վերլուծական ընկերության տվյալներով՝ դեպի Ռուսաստան արդեն ուղղվում են հնդկական բենզինով բեռնված տանկերներ։ Հնարավոր է՝ մատակարարը հնդկական «Nayara Energy» ընկերությունն է, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտին»։ Բացի այդ, ոլորտի աղբյուրները հայտնում են նաև Չինաստանից բենզինի փոքրածավալ ներկրումների մասին․ այն բենզատար մեքենաներով տեղափոխվում է Հեռավոր Արևելք, գրում է «Energy Intelligence»-ը։

Source: https://news.am/hy/news/1049633