Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին անցյալ ամիս ընդունած որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ճնշումների պատճառով, գրում է Haaretz պարբերականը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին:

Իսրայելական աղբյուրը պնդում է, որ Նեթանյահուն արգելափակել է արտգործնախարար Գիդեոն Սաարի նախաձեռնած քվեարկության անցկացումն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ:

Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելական կառավարությունն այնուհետև տեղեկացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից և, հետևաբար, չի ներառվի քվեարկությունների շարքում, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ՝ ամառային արձակուրդներից անմիջապես առաջ:

Haaretz-ի հարցմանն ի պատասխան՝ Սաարի գրասենյակը հերքել է այն պնդումները, թե քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, սակայն չի ներկայացրել որևէ այլընտրանքային բացատրություն այն պատճառների մասին, թե ինչու օրինագիծը չի ներկայացվել Կնեսետի քննարկմանը:

«Առկա է կառավարության որոշումը [ցեղասպանության ճանաչման մասին], և այն հաստատվել է միաձայն,- ասված է Սաարի գրասենյակի հայտարարության մեջ։- Այն չի փոխվի, և դա կարևոր ու պատմական փաստ է»։

Կառավարության հաստատած առաջարկը նախատեսում էր, որ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության ուշ շրջանում իրականացված Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է այն ժխտելու, նվազեցնելու կամ նենգափոխելու ցանկացած փորձ: Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ առ այսօր աշխարհի 32 երկիր այս կամ այն ձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նախարարների կաբինետի նիստում, որտեղ քննարկվում էր այս նախաձեռնությունը, Սաարն ապացուցում էր, որ ճանաչումը Թուրքիայից վրեժխնդիր լինելու քայլ չէ՝ ընդգծելով, որ «ճիշտ վարվելու համար երբեք ուշ չէ»:

Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին դիտարկում էր որպես իր կարևորագույն գործընկերներից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելն Ադրբեջանին ռազմական օգնություն էր ցուցաբերում:

Մարտական գործողությունների սկսվելուց ի վեր Haaretz-ը հայտնում էր Էյլաթի մոտակայքում տեղակայված Ուվդա ռազմաբազա ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների չվերթների կտրուկ աճի մասին: Haaretz-ի 2023 թվականի հետաքննությունը ցույց էր տվել, որ Ադրբեջանը Իսրայելից զենք է ներկրում հենց Ուվդայի միջոցով, իսկ CNN-ն ավելի ուշ հաղորդել էր, որ վերջին ռազմական հակամարտության ժամանակ Իսրայելը հատուկ ջոկատայիններ է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Source: https://news.am/hy/news/1050774