ՆԱՏՕ-ն հաստատել է 2004 թվականից գործող՝ Ռուսաստանի հետ սահմանակից Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության իր ծրագիրը լիարժեք հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) առաքելության վերափոխելու որոշումը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ Նրա խոսքով՝ դա կընդլայնի կործանիչների օդաչուների որոշումներ կայացնելու «մանդատը» և նրանց լիազորություններ կտա նաև ոչնչացնելու «սպառնալիք ներկայացնող օբյեկտները»։ Հիմնական լիազորությունները տրվել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարությանը և հենց օդաչուներին՝ սպառնալիքներին արձագանքելիս «ավելի մեծ ճկունություն» ապահովելու համար, պարզաբանել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
Այժմ օդաչուները կկարողանան օպերատիվ կերպով որոշում ընդունել հարձակման մասին, օրինակ՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժած դրոնների դեմ, առանց երկար քաղաքական համաձայնեցումների։ Պևկուրի խոսքով՝ այսուհետ վճռորոշ նշանակություն ունի գործողությունների իրականացման արագությունը։ «Առաջին հերթին մենք տվել ենք որոշակի նախնական թույլտվություններ, — ասել է նախարարը։ — Երկրորդ՝ կարևորն այն է, որ օդաչուներն այլևս կարիք չունեն կապ հաստատելու մայրաքաղաքի հետ»։ Նրանք կարող են հարձակվել թիրախի վրա անմիջապես դրա նույնականացումից և այն բանի հաստատումից հետո, որ հնարավոր է բացառել կամ նվազագույնի հասցնել գետնի վրա ուղեկցող վնասը։ Ավելի վաղ դրոնները, ինչպես նաև ՌԴ ռազմական ինքնաթիռները բազմիցս ներթափանցել էին Բալթյան երկրների տարածք։
«[Գործող] օդային տարածքի պարեկության առաքելությունը նախատեսված է խաղաղ ժամանակի համար, երբ կործանիչները արձագանքում են օդային միջադեպերին՝ ուղեկցելով [խախտողներին]։ Սա զսպման մի տեսակ է։ Սակայն այն, ինչ կատարվում է այսօր, այնքան էլ խաղաղ իրավիճակ չէ», — ընդգծել է Նաուսեդան։ Առաքելության կարգավիճակը բարձրացնելու որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Անկարայում կայացած գագաթնաժողովում, նշում է ERR-ը։
ՆԱՏՕ-ի առաքելությունը Բալթյան երկրների երկնքի պարեկության համար սկսվել է 2004 թվականին՝ այն բանից հետո, երբ տարածաշրջանի բոլոր երեք պետությունները, որոնք չունեին սեփական կործանիչներ, միացել էին դաշինքին։ 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, առաքելությունն ընդլայնվել է։ Այժմ դրան մասնակցում են դաշնակից երկրների ավելի քան մեկ տասնյակ կործանիչներ, որոնք ռոտացիոն հիմունքներով տեղակայվում են տարածաշրջանի երկու օդանավակայաններում։
Այս մարտական մեքենաները տագնապի ազդանշանով օդ են բարձրացվում՝ որսալու և նույնականացնելու համար յուրաքանչյուր ռուսական ռազմական ինքնաթիռ, որը թռչում է միջազգային ջրերի վրայով՝ Կալինինգրադի մարզից մինչև Ֆիննական ծոց և Ռուսաստանի ցամաքային սահմաններ։
Source: https://news.am/hy/news/1048902