Մոլդովայի վարչապետի պաշտոնի թեկնածու Վասիլե Տոֆանը հայտարարել է, որ ապագա կառավարության գլխավոր խնդիրը լինելու է 2028 թվականին Եվրոպական միությանը երկրի անդամակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
«Ինձ համար դա մեծ պատիվ է, բայց միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Քաղաքացիների ակնկալիքները մեծ են, և մենք պետք է շատ աշխատենք։ Ես չեմ պնդում, թե ունեմ բոլոր հարցերի պատասխանները, բայց խոստանում եմ իմ ամբողջ ուժը, գիտելիքներն ու փորձն ուղղել գլխավոր նպատակին հասնելուն՝ 2028 թվականին ստորագրել Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու համաձայնագիրը»,- ասել է Տոֆանը իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) խմբակցության նիստից հետո:
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտնել էր, որ կուսակցությունը նախագահ Մայա Սանդուին կառաջարկի Տոֆանի թեկնածությունը առաջադրել կառավարության ղեկավարի պաշտոնում։
Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել նոր վարչապետի թեկնածության շուրջ նախագահի հետ խորհրդակցություններին՝ դրանք անվանելով ձևականություն: Նման որոշման մասին հայտարարել են Սոցիալիստների կուսակցության, Կոմունիստների կուսակցության, «Ժողովրդավարությունը՝ տանը» կուսակցության և «Այլընտրանք» բլոկի ներկայացուցիչները։
Կառավարության նոր ղեկավարի փնտրտուքը սկսվել է Ալեքսանդր Մունտյանուի անսպասելի հրաժարականից հետո։ Դիտորդները նրա հեռացումը կապում են կադրային քաղաքականության հարցերում նախագահի հետ հնարավոր տարաձայնությունների հետ։
Ներկայում Մոլդովան բախվում է տնտեսական դժվարությունների, ներառյալ՝ գազի և էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով, ինչը հանգեցնում է պարբերական բողոքի ակցիաների։ Ընդդիմությունը ճգնաժամի մեջ մեղադրում է կառավարության արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։
Source: https://news.am/hy/news/1049135