Մոլդովան մտադիր է հասնել ԵՄ-ին անդամակցելուն մինչև 2030 թվականը, ուստի կփորձի մինչև ամառվա վերջ Բրյուսելի հետ բացել բանակցային բոլոր կլաստերները։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) առաջնորդ Իգոր Գրոսուն։
2025 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահ Մայա Սանդուն և նրա ղեկավարած «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խոստանում էին, որ Մոլդովան ԵՄ-ին կանդամակցի մինչև 2028 թվականը, թեև նախկինում որպես թիրախ սահմանված էր հենց 2030 թվականը։ Կուսակցության վերջին ծրագրում անդամակցության ժամկետները տեղափոխվել են անորոշ ժամանակով։
«Մենք շարունակում ենք համոզել մեր եվրոպացի գործընկերներին, որ արժանի ենք մինչև այս ամառվա վերջ բանակցությունների բոլոր վեց կլաստերների բացմանը։ Մենք շարունակում ենք կատարել պայմաններն ու ընդունել օրենքներն այնպես, կարծես արդեն ունենք բոլոր կլաստերները բացելու մասին պաշտոնական քաղաքական որոշումը»,- «Մոլդովա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գրոսուն։
Նրա խոսքով՝ Մոլդովան «պետք է ավարտի բանակցությունները Եվրոպական միության հետ 2028 թվականին, որպեսզի մինչև 2030 թվականը դառնա համայնքի անդամ»։ Գրոսուն նշել է, որ հանրապետությանը դեռ անհրաժեշտ է բացել բանակցային ևս չորս կլաստեր, և Քիշնևն արդեն սկսել է այդ գործընթացների տեխնիկական նախապատրաստումը։ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դեռևս չեն երաշխավորում ընդունումը և չեն սահմանում որևէ հստակ ժամկետ։ Այսպես, Թուրքիան, որի անդամակցությունը տեսանելի ապագայում չի կանխատեսվում, Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններն սկսել է դեռևս 2005 թվականին։
Source: https://news.am/hy/news/1050148