Մեծ Բրիտանիան 300 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Կիևին՝ 16 բազմաֆունկցիոնալ Gripen կործանիչներ գնելու համար։ Դրա մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։
«Ֆինանսավորումը Ուկրաինային հնարավորություն կտա մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաֆունկցիոնալ Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլիա: Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, վարժասարքերի, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շահագործման հանձնելու և առաջնագծում կիրառելու համար»,- նշվում է տեքստում։
Ավելի վաղ պաշտպանական ոլորտի մասնագիտացված պարբերականները Ուկրաինային 16 Gripen E կործանիչների մատակարարման պայմանագրի ընդհանուր արժեքը 2,2 միլիարդ եվրո էին գնահատել:
Հայտարարությունը տարածվել է Սթարմերի՝ Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան ուղևորությունն է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում: Նա պետք է լքի իր պաշտոնը հուլիսի 20-ին։
Source: https://news.am/hy/news/1050216