Մոսկվայի մարզում գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:
Իստրայի քաղաքային օկրուգի Պիոներսկի ավանում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել: Դրոնների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել նաև հինգ մասնավոր բնակելի տներում՝ հայտնում է ՌԲԿ-ն:
Սոլնեչնոգորսկում անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան շենքի վրա: Տուժել է երկու մարդ, վնասվել են շենքի ճակատային մասն ու ապակիները: Իստրայի քաղաքային օկրուգի Բաբկինո գյուղում էլ երկու մասնավոր տուն է ավերվել:
Մոժայսկում դրոնի ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի քիվն ու երկու պատուհանները: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան:
Անդրեյ Վորովյովը հայտնել է, որ Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել և վնասազերծել են 81 անօդաչու թռչող սարք: Դրոնները խոցվել են 14 քաղաքային օկրուգներում, այդ թվում՝ Օդինցովոյում, Նարո-Ֆոմինսկում, Ռուզայում, Ռամենսկոյեում, Մոժայսկում, Վոլոկոլամսկում, Չեխովում, Օզյորիում, Իստրայում, Պոդոլսկում, Ստուպինոյում, Դոմոդեդովոյում, Սոլնեչնոգորսկում և Կոլոմնայում։
Տեղերում շարունակում են աշխատել արտակարգ ու օպերատիվ ծառայությունները, իսկ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել հարձակումները՝ նշել է նահանգապետը:
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նախորդ օրվա երեկոյան Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը խոցվել է հեռավոր մատույցներում, ևս մոտ 50 դրոն էլ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս:
Source: https://news.am/hy/news/1049444