Սիրահարվելուց դեռ շատ առաջ ձևավորվում է այն հիմքը, թե ինչպես է մարդն իրեն դրսևորելու հարաբերություններում։ Դրա մեծ մասը տեղի է ունենում տանը՝ այն տարիներին, երբ երեխան սովորում է հասկանալ, թե ինչ են անվտանգությունն ու խնամքը։ Ջորջիայի համալսարանի նոր հետազոտությունը հուշում է, որ այդ վաղ տարիները կարող են զգալի ազդեցություն ունենալ չափահաս կյանքի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Social and Personal Relationships ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մանկության տրավմատիկ իրադարձությունները կարող են ձևավորել մարդկանց վերաբերմունքն իրենց սիրելիի հանդեպ նույնիսկ տասնամյակներ անց։ Այս կապը միշտ չէ, որ ակնհայտ է կամ աչքի է զարնում։ Այն սովորաբար դրսևորվում է տրամադրության և սովորությունների միջոցով՝ այնպիսի ձևերով, որոնք զույգերը հազվադեպ են կապում սեփական մանկության հետ։

Մանկության անբարենպաստ փորձառությունն ընդգրկում է իրադարձությունների լայն շրջանակ։ Դաժան վերաբերմունքը, անտեսվածությունը, ծնողների ամուսնալուծությունը կամ նրանցից մեկի մահը՝ այս ամենը նշանակություն ունեն։ Այս ապրումները մեծացնում են չափահաս տարիքում դեպրեսիայի և տագնապայնության զարգացման հավանականությունը։ Ինչպես պնդում են հետազոտողները, այս էմոցիոնալ բեռը հաճախ տեղափոխվում է նաև սիրային հարաբերություններ՝ դրանք դարձնելով պակաս ամուր և պակաս բավարարող։

«Ամենօրյա քայլերի վրա հիմնված հարաբերությունների մեջ ներդրում անելը նման է բանկային հաշվին գումար մուտքագրելուն,— ասել է հետազոտության առաջատար հեղինակ Անալիսա Արրոյոն։— Այս մանրուքները, որոնք մենք անում ենք ամեն օր, ժամանակի ընթացքում ամրապնդում են վստահությունը, փոխըմբռնումն ու աջակցությունը։ Երբ մենք չունենք այդ պաշարները, դա նման է փողի պակասին, երբ մեքենան փչանում է. դու հայտնվում ես փակուղում։ Եթե մենք ուժ չենք ներդնում մեր հարաբերությունների մեջ, իսկ հետո բախվում ենք սթրեսի, կոնֆլիկտների կամ այլ դժվարությունների, հնարավոր է՝ չունենանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ պահը հաղթահարելու համար»։

Այստեղ կա նաև հուսադրող պահ։ Շփման հմտությունների բարելավումը, որոնք զարգացվում են միասին՝ որպես զույգ, կարող են մեղմել որոշ բացասական հետևանքներ, փոխանցում է Planet Today-ը։

Թիմն օգտագործել է ավելի քան 200 չափահաս զույգերի պատասխանները, որոնք մասնակցել են Ջորջիայի համալսարանի ELEVATE ծրագրին։ Սա հարաբերությունների կառուցման հմտությունների ուսուցման անվճար ծրագիր է, որն իրականացվում է Ջորջիայի համալսարանի Գիտելիքների տարածման ծառայության կողմից։

Երկու գործընկերներն էլ պատասխանել են իրենց մանկության՝ մինչև 18 տարեկան ընկած շրջանի դժվար պահերի մասին հարցերին։ Նրանք նշել են, թե քանի տրավմատիկ իրադարձություն է իրենց վիճակվել ապրել։ Յուրաքանչյուր զույգի երկու անդամներին էլ ուսումնասիրելը սկզբունքային նշանակություն է ունեցել։ Դա հետազոտողներին թույլ է տվել տեսնել, թե ինչպես է գործընկերներից մեկի պատմությունն ազդում մյուսի վրա։

Այն մարդիկ, ովքեր նշել են ավելի մեծ թվով անբարենպաստ միջադեպերի մասին, ավելի հաճախ էին դրանք իրենց հետ տանում չափահաս կյանք։ Եթե ծնողը շարունակ գոռացել է կամ հրմշտել երեխաներին, կամ եթե նրանք ստիպված են եղել երկար ժամանակ քաղցած մնալ, դա տարիներ անց դրսևորվել է մենակության, դեպրեսիայի և տագնապի տեսքով։ Վնասը կուտակվում է դանդաղ։ Այն հազվադեպ է զգացնել տալիս իր մասին, և հենց այդ պատճառով էլ այն այդքան հեշտ է բաց թողնել։

«Մանկության դժվարությունները յուրօրինակ հետք են թողնում, որը հաճախ աննկատ է մնում առօրյա կյանքում։ Ժամանակի ընթացքում այս քրոնիկական սթրեսը կարող է ազդել ոչ միայն մեր սեփական բարեկեցության, այլև մեր հարաբերությունների առողջության վրա»,— ասել է Արրոյոն։

Այդ նույն մարդիկ դժվարություններ էին ունենում նաև զույգի սովորական պարտականությունները կատարելիս։ Ամենօրյա զրույցները նրանց տրվում էին մեծ ճիգերով։ Կապվածության դրսևորումն ու կոնֆլիկտների հարթումը նույնպես ավելի բարդ ընթացք էին ստանում։

«Երբ զույգերի հարաբերություններում խնդիրներ են առաջանում, հեշտ է կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում տվյալ պահին, օրինակ՝ ինչպես են նրանք շփվում, հարթում տարաձայնությունները կամ փոխազդում միմյանց հետ,— ասել է հետազոտության համահեղինակ Էվին Ռիչարդսոնը։— Սակայն մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ մարդկանց մոտ այս խնդիրները կարող են ավելի խոր արմատներ ունենալ։ Այս փոխկապակցվածության հասկացումը կարող է օգնել զույգերին և մասնագետներին լուծել հիմնարար խնդիրները, այլ ոչ թե միայն այն ախտանիշները, որոնք ազդում են հարաբերությունների բարօրության վրա»։

Երբ առողջ սովորությունները կորչում են, հարաբերությունների որակը, որպես կանոն, վատանում է։ Այն զույգերը, ովքեր չէին կարողանում լավ հաղորդակցվել կամ աջակցություն չէին զգում, նշում էին, որ ընդհանուր առմամբ ավելի քիչ երջանիկ են միասին։

Խնդրի լուծումը ամենևին էլ մեծ ու տպավորիչ ժեստերի մեջ չէ։ Այն թաքնված է փոքրիկ, կրկնվող ակնթարթներում, որոնք կուտակվում են ժամանակի ընթացքում։

«Կարևոր են ոչ միայն լուրջ խոսակցությունները, մեծ կոնֆլիկտները կամ սրտաբաց զրույցները։ Հենց փոքրիկ, ամենօրյա փոխազդեցություններն են մեզ նախապատրաստում ավելի լուրջ ու բարդ պահերին, երբ դրանք ի հայտ են գալիս,— ասել է Արրոյոն։— Նկատո՞ւմ ենք արդյոք մեր զուգընկերոջը, երբ նա ներս է մտնում կամ խոսում է մեզ հետ։ Արձագանքո՞ւմ ենք նրա խոսքերին, թե՞ անտեսում ենք»։

Հետևանքները տարբեր են եղել կանանց և տղամարդկանց համար։ Այն կանայք, ովքեր նշել են ավելի մեծ թվով բացասական ապրումների մասին, ավելի հաճախ են բախվել հոգեկան առողջության խնդիրների, որոնք այնուհետև անդրադարձել են իրենց հարաբերությունների վրա։ Այս կանանց դեպքում լարվածությունն արտահայտվել է կրկնակի. նրանք նշել են հարաբերություններից բավարարվածության անկում, և նույն բանն արձանագրել են նաև նրանց զուգընկերները։

Տղամարդկանց մոտ ամեն ինչ այլ ճանապարհով է ընթացել։ Երբ տղամարդիկ դեպրեսիան կամ տագնապը կապում էին մանկության տրավմաների հետ, դա ազդում էր միայն հարաբերությունների վերաբերյալ սեփական ընկալման վրա, այլ ոչ թե զուգընկերուհու տեսակետի։

«Մենք չենք կարող փոխել մեր մանկության փորձառությունը,— ասել է Արրոյոն։— Բայց մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես է այն շարունակում ազդել մեզ վրա։ Այս գիտակցումը զույգերին հնարավորություն է տալիս աջակցել միմյանց և միասին կառուցել հարաբերությունների ավելի առողջ մոդելներ»։

Հենց այս գիտակցումից էլ սովորաբար սկսվում են փոփոխությունները։ Այն շեղում է ուշադրությունը տվյալ պահի մեղադրանքներից և ուղղում դեպի խնդրի բուն պատճառները։

Հետազոտողների խոսքով՝ զույգերը կարող են կիրառել վարքագծի այս ամենօրյա մոդելները ընտանեկան թերապիայի կամ հարաբերությունների ուսուցման ծրագրերի շրջանակներում։ Դա, որպես կանոն, բարձրացնում է հարաբերությունների որակն ընդհանուր առմամբ։ Օգուտը փոխադարձ է. ամուր հարաբերություններն օգնում են զուգընկերներից յուրաքանչյուրին հաղթահարել և սպիացնել հին վերքերը։

«Զույգերը միանշանակ կարող են ամրապնդել իրենց հարաբերությունները՝ սովորելով և կիրառելով հարաբերություններ կառուցելու առողջ հմտություններ, հատկապես երբ երկու գործընկերներն էլ ձգտում են զարգացման»,— ասել է Ռիչարդսոնը։

Այն մարդկանց, ովքեր լուրջ հոգեցնցում կամ տևական սթրես են ապրել, կարող է օգնել հոգեբանի խորհրդատվությունը կամ հոգեթերապիան։ Դա կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես է իրենց անցյալն ազդում ներկա հարաբերությունների վրա, և սովորել շրջապատի հետ փոխազդեցության ավելի առողջ եղանակներ։

Source: https://news.am/hy/news/1049993