Հակամարտությունները և խափանումները համաշխարհային էներգետիկ շուկաներում կարող են հանգեցնել նրան, որ ևս միլիոնավոր մարդիկ հայտնվեն սովի եզրին՝ վառելիքի, պարարտանյութերի և սննդամթերքի գների աճի պատճառով: Այդ վտանգի մասին Հռոմի կենտրոնակայանում նախազգուշացրել է Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ղեկավար Ալվարո Լարիոն: Հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի նոր զեկույցի հրապարակման հետնապատկերին, որը ցույց է տվել, որ սովի դեմ պայքարում համաշխարհային առաջընթացը մնում է ծայրահեղ փխրուն:

Պարենային անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհում սովի մակարդակը վերջին տարիներին չնչին չափով նվազել է: Սակայն, ըստ կանխատեսումների, մինչև 2030 թվականը խրոնիկական թերսնման խնդրին դեռևս կարող է բախվել ավելի քան 500 միլիոն մարդ, ընդ որում՝ հիմնական բեռն ընկնելու է Աֆրիկայի երկրների վրա:

Հակամարտությունները մնում են գլոբալ մասշտաբով սովի մակարդակի նվազեցման ճանապարհին ծառացած հիմնական խոչընդոտներից մեկը, հավելել է IFAD-ի ղեկավարը:

Պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը խաթարում են նավագնացությունը, էներգակիրների և գյուղատնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների մատակարարումները, ինչը հանգեցնում է սննդամթերքի արտադրության և բաշխման ամբողջ շղթայի թանկացմանը, որն առանց այդ էլ տուժել էր գնաճից: Լարիոն ընդգծել է, որ սովն ու զինված դիմակայությունները հաճախ սնում ու nւժեղացնում են միմյանց՝ ձևավորելով փակ շղթա, որից դուրս գալն առանց կայունության հասնելու չափազանց դժվար է:

Էներգակիրների գների աճն արդեն իսկ ազդում է պարարտանյութերի և ընդհանուր առմամբ ագրարային արտադրության արժեքի վրա: Դա հատկապես ուժեղ է հարվածում փոքր ֆերմերային տնտեսություններին, որոնցից շատերը խիստ կախված են դիզելային վառելիքից՝ ոռոգման պոմպերի աշխատանքի, բերքահավաքի և արտադրանքը շուկաներ հասցնելու համար: Վառելիքի թանկացումն ուղղակիորեն ավելացնում է արտադրական ծախսերը՝ հրահրելով սննդամթերքի գների հետագա աճ:

Source: https://news.am/hy/news/1051021