Կորեայի Հանրապետության իշխանությունները դիտարկում են մինչև 14 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության Հաղորդակցության և կապի հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։

«Մենք դիտարկում ենք մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև այն ալգորիթմների ազդեցությունը նվազեցնելու ծրագիրը, որոնք դրդում են 14-ից 19 տարեկան դեռահասներին չափից ավելի շատ օգտվել նման հարթակներից»,- հանձնաժողովի նախագահի խոսքերն է մեջբերում «Yonhap» գործակալությունը։

Կիմ Չոն Չհոլը նշել է, որ խորհրդարանում առաջադրվել է շուրջ յոթ օրինագիծ, որոնք վերաբերում են անչափահասների կողմից սոցցանցերի օգտագործմանը։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ այս խնդրին պետք է զգուշությամբ մոտենալ՝ հղում անելով գիշերային ժամերին դեռահասների համար օնլայն խաղերի արգելքի փորձին։ 2011 թվականին Կորեայի Հանրապետությունում ընդունվել էր օրենք, որն արգելում էր մինչև 16 տարեկան անձանց կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ն օնլայն խաղեր խաղալ։ 2022 թվականի հունվարին այդ օրենքը չեղարկվել է, քանի որ այն բացասաբար էր անդրադառնում խաղային արդյունաբերության վրա և «խախտում էր մարդկանց հիմնարար իրավունքները», նշում է «Yonhap»-ը։

Source: https://news.am/hy/news/1050134