Ռումինիայում Դանուբ գետի ջրի մակարդակն այնքան է նվազել, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսության և տրանսպորտային հաղորդակցության համար։

Լաստանավերի երթևեկությունը դադարեցվել է։ Հացահատիկով բեռնված բարժերը կանգնած են, իսկ կրուիզային նավերը ստիպված են փոխել երթուղիները կամ զբոսաշրջիկներին տեղափոխել ավտոբուսներով։ Իսկ շոգի թեժ պահին ֆերմերներին չի հերիքում ոռոգման ջուրը։

Կարմեն Դումիտրեսկու, Euronews. «Դանուբում ջրի ցածր մակարդակի պատճառով Բեկետ նավահանգստի մոտակայքում մի քանի բարժեր են խցանվել։ Խնդիրներ են առաջանում նաև կրուիզային նավերի համար։ Նրանք, որոնք պետք է հասնեին Դանուբի դելտա, նույնպես խարիսխ են գցում Բեկետի նավահանգստում»։

Ըստ զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Այման Իսմայիլի՝ տուրիստական գործակալությունները փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել իրենց հաճախորդների համար։ «Այժմ մենք այստեղ կանգնած ենք արդեն երկու օր։ Մեր հյուրերը կմեկնեն Բուխարեստ, քանի որ ջրի մակարդակի պատճառով բոլոր ծրագրերը ձախողվել են»,- պատմում է Իսմայիլը։

Մեկ այլ նավ դուրս էր եկել Բուդապեշտից, սակայն Դանուբի ջրի ցածր մակարդակն անձնակազմին ստիպել է փոխել երթուղին գետի երկայնքով գտնվող մի քանի երկրներում։

Կոնստանտին Իոնելե, Բեկետում պոնտոնի սեփականատեր. «Դանուբով երթևեկությունը դադարեցված է, և մենք չգիտենք, թե երբ այն կվերսկսվի։ Ամեն տարի այստեղ են գալիս կրուիզային նավեր Արևմուտքից։ Այս տարի նրանք լուրջ խնդիրներ ունեն. չեն կարողանում հասնել իրենց վերջնական նպատակակետին»։

Բեկետում գետի ջրի ցածր մակարդակի պատճառով մի քանի օրով դադարեցվել է նաև դեպի Բուլղարիա լաստանավային հաղորդակցությունը։ Այդ շրջան ժամանող նավերը ստիպված են այլընտրանքային երթուղիներ փնտրել։ Ջրի պակասից տուժում են նաև ֆերմերային տնտեսությունները։ Գյուղատնտեսները մտահոգված են, որ իրենց եկամուտները զգալիորեն կնվազեն։

Կոնստանտին Իանկուն Euronews-ին պատմել է, որ այժմ ֆերմերները «սկսում են հաշվել ամեն ցենտը, քանի որ գումար գրեթե չկա»։ Տեղի բնակիչները նշում են, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում առատ անձրևների բացակայության դեպքում բերքը կարող է ամբողջությամբ չորանալ։

Ռումինիա մուտք գործելիս Դանուբում վերջին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում գրանցվել է ջրի ամենացածր ծավալը: Ջրի մակարդակն իջել է այն սահմանից, որի դեպքում կարող են աշխատել պոմպակայանները։ Հիդրոլոգների գնահատմամբ՝ առաջիկա օրերին Դանուբի ջրի մակարդակն էլ ավելի է նվազելու։

Source: https://news.am/hy/news/1050054