Թափանցիկ բարձրլեռնային լճերը բնակավայր են ծառայում բազմազան մանրէների և արխեաների համար, ընդ որում՝ համայնքը զգալիորեն տարբերվում է՝ կախված լճի տարիքից, սնուցումից, ջերմաստիճանից և ջրում տարբեր հանքանյութերի պարունակությունից։ ՌԴ ԳԱ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի միկրոկենսաբանները, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի բիոինֆորմատիկների և «Տեբերդինյան ազգային պարկ» դաշնային պետական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ, Դոմբայի սառցալճի օրինակով պարզել են, թե գլոբալ տաքացումն ինչպես կարող է ազդել բարձրլեռնային ջրամբարների բնակիչների վրա։ Արդյունքները հետազոտողները հրապարակել են Current Microbiology ամսագրում։ Աշխատանքն իրականացվել է Ռուսաստանի գիտական հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ։
Կլիմայի փոփոխությունները ստիպում են, որ սառցադաշտերը շատ արագ հալվեն, հայտնել է «Научная Россия»-ն։ Նույնիսկ զբոսաշրջիկների լուսանկարներում, որոնք արվել են նույն վայրում մի քանի տարվա տարբերությամբ, կարելի է տեսնել, թե ինչպես է ձյան և սառույցի գիծը նահանջում տասնյակ մետրերով։ Սառցադաշտերի հալոցքը սնուցում է մեծ բարձրություններում սկիզբ առնող գետերը և անտառի սահմանից վեր՝ ալպյան մարգագետինների գոտում գտնվող լճերը։ Կարճ ամառը, ջրի ցածր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթման մշտական ազդեցությունը չեն նպաստում բարձրլեռնային ջրամբարներում կենդանի օրգանիզմների բուռն աճին։ Բացի այդ, նման լճերի հալոցքային ջրում հանքանյութերի և օրգանական նյութերի խտությունները շատ ցածր են, ուստի դրանց բնակիչների համար սննդանյութերի հավաքածուն խիստ սահմանափակ է։ Միևնույն ժամանակ, այդպիսի լճերում ջրի որակը շատ բարձր է. այն բյուրեղյա մաքուր է և զերծ է արդյունաբերական աղտոտումներից, նստվածքները շատ քիչ են։ ՌԴ ԳԱ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի միկրոկենսաբաններն ուսումնասիրել են Դոմբայի Շոբայդակ սառցադլճի միկրոօրգանիզմները՝ հասկանալու համար, թե գլոբալ տաքացումն ինչպես է ազդում այս խոցելի էկոհամակարգի վրա։
«Մինչ այժմ մեզ քիչ բան է հայտնի այն մասին, թե կլիմայի փոփոխություններն ինչպես են ազդում բարձրլեռնային լճերում միկրոօրգանիզմների համայնքների վրա։ Դրանք պակասո՞ւմ են, թե՞ շատանում, նվազո՞ւմ է արդյոք դրանց բազմազանությունը, փոխվո՞ւմ են դրանց էկոլոգիական փոխհարաբերություններն ու նյութափոխանակությունը նոր պայմաններում։ Այս հարցերին պատասխանելու համար մենք գնահատել ենք Շոբայդակ լճի միկրոօրգանիզմների կառուցվածքը, ակտիվությունն ու փոխազդեցությունները։ Սա Կովկասի ռուսական հատվածի բարձրլեռնային լճերում մանրէաբանական համայնքների առաջին հետազոտությունն է։ Ավելի վաղ այս տարածաշրջանի լճերն ուսումնասիրվում էին միայն հիդրոլոգիայի և լուծված քիմիական նյութերի պարունակության տեսանկյունից», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ, կենսաբանական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Աննա Կալիստովան։
Շոբայդակ լիճը գտնվում է ծովի մակարդակից 2 936 մետր բարձրության վրա՝ Մուխինյան կիրճում, Տեբերդինյան ազգային պարկի տարածքում։ Այն ունի 230 մետր երկարություն և 130 մետր լայնություն, առավելագույն խորությունը հասնում է 8,5 մետրի։ Ամռան սկզբին Շոբայդակ լիճը սնուցվում է սառցադաշտերի հալոցքային ջրերով, իսկ ամռան կեսերին, երբ սառցադաշտերը նահանջում են, ստորերկրյա ջրերով։ Ջրամբարում ձուկ և այլ խոշոր կենդանիներ չկան։ Տեբերդայից այնտեղ հասնելու համար պետք է հաղթահարել շուրջ 15 կիլոմետր անանցանելի ճանապարհով։
2023 թվականի օգոստոսին միկրոկենսաբանները լճի խորջրյա և ափամերձ գոտիներից վերցրել են ջրի նմուշներ։ Նրանք օգտագործել են վերլուծական ռադիոիզոտոպային և գենոմային մեթոդներ՝ մանրէաբանական համայնքների ակտիվությունը, բազմազանությունը և նյութափոխանակային ներուժը վերլուծելու համար։ Լճի միկրոսկոպիկ բնակիչներին որոշել են դրանց 16S ռիբոսոմային ՌՆԹ-ով։ Այս մոլեկուլը մանրէների և արխեաների մոտ մտնում է սպիտակուցի հավաքման մոլեկուլյար մեքենայի՝ ռիբոսոմի կազմի մեջ։
Գիտնականները պարզել են, որ լճին բնորոշ է լուծված օրգանական ածխածնի բարձր պարունակությունը՝ մինչև 20 մգ/լ։ Սա շատ բարձր մակարդակ է, շատ ավելի բարձր Ալպերի, Պիրենեյների և Հարավային Սքալիստյան լեռների տիպիկ բարձրլեռնային լճերի խտություններից։
«Մենք ենթադրում ենք, որ ջրում օրգանական նյութերի մեծ քանակի աղբյուրը ֆոտոսինթեզ իրականացնող օրգանիզմներն են՝ ցիանոբակտերիաներն ու երկատոմ ջրիմուռները։ Դրանք ջրի մակերեսային շերտերից տեղափոխվում են լճի հատակ՝ փրկվելով ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Ջրի հաստության բարձր թափանցիկության և հատակամերձ ջրի լավ տաքացման շնորհիվ դրանք ակտիվորեն ֆոտոսինթեզում են նստվածքի մակերեսին։ Եթե տարածաշրջանում միջին տարեկան ջերմաստիճանները շարունակեն բարձրանալ, ֆոտոսինթեզ իրականացնող միկրոօրգանիզմները կարող են էլ ավելի ուժեղ աճել՝ առաջացնելով ջրի «ծաղկում», դրա որակի վատթարացում և լճի էվտրոֆիկացում՝ օրգանական նյութերի էլ ավելի մեծ կուտակում», — եզրափակել է աշխատանքի համահեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Նիկոլայ Պիմենովը։
Օրգանական ածխածնի խտության բարձրացումը հանգեցնում է հետերոտրոֆ միկրոօրգանիզմների աճին, որոնք սնվում են պատրաստի օրգանական նյութերով և ոչ թե իրենք են դրանք արտադրում։ Նման օրգանիզմների ակտիվությունը սպառում է ջրում թթվածնի պաշարները։ Գիտնականների գնահատմամբ՝ բացասական սցենարի դեպքում լիճը կարող է բաժանվել ջրի հստակ արտահայտված շերտերի, ընդ որում՝ ստորին շերտերը թթվածին չեն պարունակի։ Դրանցում ուժգնորեն կբազմանան սուլֆատ վերականգնող մանրէներն ու մեթանոգեն արխեաները, ինչը կհանգեցնի ծծմբաջրածնի և մեթանի արտանետումների՝ վնասակար և կլիմայական առումով վտանգավոր գազերի արտազատման։
Source: https://news.am/hy/news/1051643