Խորհրդային Միության տարիներին անկլավներ՝ որպես այդպիսին, իրավական իմաստով պարզապես գոյություն չունեին։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։

Նրա խոսքով՝ նման տերմին չի կիրառվել որևէ իրավական ակտում։ «Չի ընդունվել որևէ իրավական ակտ, որը կսահմաներ նման կարգավիճակ կամ գոնե կօգտագործեր նման տերմին։ Նման բան հնարավոր չէ գտնել ոչ ԽՍՀՄ Սահմանադրությունում, ոչ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ-իրավական ակտում։ Հետևաբար, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնակավայր «անկլավ» անվանելը սխալ է․ դրա տակ որևէ իրավական հիմքեր չկան», — պարզաբանել է քաղաքագետը։

Շահզադեյանի կարծիքով՝ նման ձևակերպումների կիրառումը լավագույն դեպքում պայմանավորված է իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական մանիպուլյացիա է, որը նպատակ ունի վերահսկողության տակ պահել հանրային կարծիքը։

Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» տերմինի կիրառումը չի կարող հիմնվել բացառապես քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի և նրա հարևան պետությունների միջև ստորագրված իրավաբանորեն պարտադիր համաձայնագրերի տիրույթում։

Ինչպես ընդգծել է Միհրան Շահզադեյանը, ԽՍՀՄ սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների միջև տարածքային փոփոխությունները չէին կարող իրականացվել ինքնակամ ձևով։ Եթե նախատեսվում էր որևէ հանրապետության տարածքի մի մասի փոխանցում մյուսին, դրա համար պահանջվում էր ոչ միայն համապատասխան միութենական հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն իշխանության մարմինների հաստատումը։ Նա հավելել է, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որի շրջանակում Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում անկլավներ ստեղծված լինեին։

Source: https://news.am/hy/news/1051903