Կարմիր ծովով փոխադրվող բեռների ապահովագրության արժեքը երկուշաբթի կտրուկ աճել է, երբ եմենյան հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին, ինչն ուժեղացրել է առևտրային նավագնացության ռիսկերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ապահովագրական ոլորտի իր աղբյուրներին։
Հութիների այդ քայլը նոր ճակատ է բացում ԱՄՆ-ի դեմ՝ Իրանի հետ նրանց պատերազմի շրջանակւմ, և ընդլայնում է համաշխարհային առևտրին ու էներգակիրների մատակարարմանը սպառնացող վտանգները Պարսից ծոցի սահմաններից դուրս:
Աղբյուրների տվյալներով՝ ռազմական ռիսկերի համար նախատեսված կողմնորոշիչ վճարներն աճել են՝ կազմելով նավի արժեքի մինչև 0,75%՝ ուրբաթ օրվա (մինչև հութիների հայտարարությունը) շուրջ 0,3%-ի համեմատ։ Նույնիսկ նման չնչին փոփոխությունը նշանակում է հարյուր հազարավոր դոլարների լրացուցիչ ծախսեր յոթնօրյա երթուղու համար։
Առայժմ անհայտ է մնում, թե կոնկրետ ինչպես են հութիները մտադիր իրականացնել իրենց հյուսիսային հարևանի ծովային շրջափակումը Կարմիր ծովի ափամերձ գոտու երկայնքով, և արդյոք դա կհանգեցնի առևտրային նավերի վրա ուղղակի հարձակումների վերսկսմանը։
Սաուդյան հսկա Saudi Aramco-ն, որը նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում, մեծացրել է Կարմիր ծովում գտնվող Յանբու տերմինալի օգտագործումը փետրվարի 28-ին Իրանի հետ ամերիկա-իսրայելական հակամարտության սկսվելուց ի վեր։
Ծովային անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո գտնվող, ինչպես նաև նրան պատկանող, նրա կողմից կառավարվող կամ դեպի Կարմիր ծովի սաուդյան նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ ընթացող նավերը դասվել են հութիների հարձակման բարձր ռիսկայնության կարգին։
«2024 թվականի Կարմիր ծովի ճգնաժամի ժամանակ հութիները սխալներ էին թույլ տալիս՝ հարձակվելով նավերի վրա՝ հիմնվելով ընկերությունների հետ կապերի մասին հնացած տեղեկությունների վրա։ Լիովին հավանական է, որ նավերը կարող են թիրախ դառնալ սխալ նույնականացման պատճառով»,- նշել են Ambrey-ում:
Բաբ էլ-Մանդեբի նեղուցի որը հարավային դարպասն է և միացնում է Կարմիր ծովը Ադենի ծոցին, լիակատար փակումը կդադարեցնի սաուդյան նավթի արտահանումը Ասիա և կարող է կրճատել նավթի համաշխարհային առաջարկը 7%-ով։
Կարմիր ծովով նավերի շարժն այդպես էլ լիովին չի վերականգնվել 2023 թվականի նոյեմբերին Եմենի ափերի մոտ հութիների հարձակումների սկսվելուց ի վեր, ինչը խմբավորումը բացատրում էր Գազայի պատերազմում պաղեստինցիների հետ համերաշխությամբ։ Որոշ հարձակումներ շարունակվեցին մինչև 2025 թվականի կեսը և ամբողջությամբ դադարեցին միայն անցյալ տարվա հոկտեմբերին Գազայում զինադադարի կնքմամբ։
Բացի դրանից, վերջին ամիսներին Ադենի ծոցում հաճախակիացել են սոմալիական ենթադրյալ ծովահենության և նավերի զավթման դեպքերը, ինչը լրացուցիչ վտանգներ է ստեղծում առևտրային նավագնացության համար։
Source: https://news.am/hy/news/1050809