Ջենովայում 43 մարդու կյանք խլած ավտոմոբիլային կամրջի փլուզման գործով Իտալիայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել «Atlantia» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջովաննի Կաստելուչիին, հաղորդում է «Euronews»-ը։

Մեղադրող կողմը Կաստելուչիի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում։ Աղետի պահին «Atlantia»-ն հանդիսացել է «Autostrade per l'Italia» մայրուղիների օպերատոր ընկերության հիմնական բաժնետերը։

Այս գործով ընդհանուր առմամբ անցել է 57 մարդ, որոնցից 32-ը ճանաչվել են մեղավոր։ Նրանց թվում են եղել ընկերությունների ղեկավարներ, ինժեներներ և տրանսպորտի նախարարության պաշտոնյաներ։ Նրանց առաջադրված ամենածանր մեղադրանքները վերաբերում են մի քանի անձանց անզգուշությամբ մահ պատճառելուն և քրեական անփութությանը։

Կաստելուչին արդեն իսկ գտնվում է բանտում․ նա 6 տարվա պատիժ է կրում մեկ այլ ողբերգական միջադեպի համար, որը տեղի է ունեցել 2013 թվականին Իտալիայի հարավում գտնվող էստակադաներից մեկում: Նա ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը, իսկ նախորդ նիստերի ժամանակ հետևողականորեն հերքել է իր մեղավորությունը։

Դատարանի դահլիճում դատավճիռը լսելու համար հավաքվել են զոհվածների հարազատները՝ «Մորանդի կամրջի» ողբերգության զոհերի հիշատակի կոմիտեի նախագահ Էգլե Պոսետիի գլխավորությամբ։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է դատավարության ընթացքից։

Մինչդեռ պաշտպանական կողմը համաձայն չէ դատարանի որոշման հետ։

«Նա դատապարտվել է առանց մեղքի,- վճիռն այսպես է մեկնաբանել Կաստելուչիի փաստաբան Գվիդո Կարլո Ալևան,- Ես այս դատավճիռը խորապես սխալ եմ համարում։ Մենք այն բողոքարկելու ենք։ Մանրամասն կուսումնասիրեմ դատավճռի հիմնավորումները, որոնց հետ բացարձակապես համաձայն չեմ»։

Մորանդի կամուրջը փլուզվել է 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ուժեղ փոթորկի ժամանակ։ Կամրջի հետ միասին ընկել է մոտ 200 մետր ճանապարհահատված՝ տասնյակ ավտոմեքենաներով հանդերձ։

Դատախազությունը մայրուղու օպերատորներին ու մենեջերներին մեղադրել է այն բանում, որ նրանք, շահույթի հետևից ընկնելով, տարիներ շարունակ աչքաթող են արել կամրջի տեխնիկական սպասարկումը։ Պաշտպանական կողմն էլ իր հերթին պնդում է, որ աղետի պատճառը եղել է շինարարական թաքնված դեֆեկտը։

Այս ամենի ֆոնին Իտալիայի ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ «նա, ում խղճին 43 զոհ կա, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»։

Ջենովայի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է 2020 թվականին։

Source: https://news.am/hy/news/1050491