Իրանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ փակ շփումների ժամանակ սխալմունք են անվանել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները և բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Այս մասին ուրբաթ օրը CBS News հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները։

Նրանց խոսքով՝ Թեհրանը պնդել է, թե հարձակումները կատարվել են կոշտ գծի կողմնակիցների մի խմբի կողմից, որը «դուրս է եկել վերահսկողությունից» և փորձել է ձախողել բանակցային գործընթացը։

Այդուհանդերձ, Սպիտակ տանը սպասում են, որ Իրանը հրապարակայնորեն կընդունի իր սխալը, քանի որ Թրամփի վարչակազմը քաղաքացիական նավերի թիրախավորումը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։

Ինչպես հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները, ԱՄՆ նախագահը հանձնարարել է շարունակել իրանական կողմի հետ ընթացող բանակցությունները։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի փեսա Ջարեդ Քուշները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը նախատեսված է շաբաթ օրը՝ Օմանում։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական ու տնտեսական ճնշման լծակներ կիրառել, եթե Թեհրանը շարունակի թշնամական գործողությունները։

Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ իրանական կողմն ամերիկացի ներկայացուցիչներին հասկացրել է. «Մենք սխալ ենք թույլ տվել։ Եկեք շարունակենք բանակցությունները»։

ԱՄՆ վարչակազմում նաև ակնկալում են, որ Օմանի հանդիպումից հետո Իրանը կհաստատի Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունն ապահովելու իր մտադրությունը՝ այն նույն ռեժիմով, որը գործում էր մինչև հակամարտության սկիզբը։

Source: https://news.am/hy/news/1049204