Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը համոզված է իր մասնագիտական օբյեկտիվության մեջ։ Այս մասին հայտնի է դարձել հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Պատասխանելով այն հարցին, թե ինքը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից է, և ԿԸՀ նախագահ նշանակվելու պատճառով դուրս գալով դրա շարքերից՝ դժվար թե դադարած լինի կիսել այդ գաղափարները, և արդյոք մտածում է հրաժարականի մասին, Հովակիմյանը որոշել է ԶԼՄ-ներին պատմել իր կենսագրությունը՝ սկսելով հեռավոր 1996 թվականից։ Թվարկելով իր կենսագրության ակնառու դրվագները՝ նա վստահեցրել է, որ միշտ պայքարել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների համար։ ԿԸՀ նախագահի պաշտոնում ինքն ավելի քան հավատարիմ է այդ բոլոր գաղափարներին, որպեսզի իր ուժերի ներածին չափով ընտրություններն անցնեն ազատ ու արդար ձևով, համեստաբար հայտնել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ նախկին կուսակցական պատկանելությունը չի խանգարում աշխատանքին։ «Եվրոպայում այդպես է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում։ Նախկին կուսակցական պատկանելությունը որպես անօբյեկտիվություն ներկայացնելը սխալ մոտեցում է։ Սահմանադրությունը հենց այդ պատճառով էկ անկուսակցականությունը նախատեսում է պաշտոնավարման ընթացքում, այլ ոչ թե ողջ կյանքի ընթացքում»,- հայտարարել է Հովակիմյանը։
Այն հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները ներկայումս, Հովակիմյանը սկսել է պատմել մանկության ընկերների հետ իր հարաբերությունների մասին։ Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ վարչապետի հետ մասնավոր զրույց է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ։ Անցյալ տարի երկու անգամ տեսնվել են պաշտոնական միջոցառումների ժամանակ։
«Եթե երբևէ հանգեմ այն եզրակացության, որ իմ աշխատանքում թերացումներ եմ թույլ տվել և մեծ վնաս եմ հասցրել երկրին»,- ի վերջո հայտարարել է Հովակիմյանը՝ նկատի ունենալով հրաժարականի հնարավորությունը։
Source: https://news.am/hy/news/1050981