Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը համոզված է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և արդար։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հովակիմյանի կարծիքով՝ թերացումներն անհամեմատ քիչ են եղել։ Նա արձանագրել է, որ մեկ քաղաքական ուժի («Բարգավաճ Հայաստան» կուսակցության) անցնելու հարցը շատ զգայուն է եղել, և էմոցիաները պայմանավորված են եղել հենց դրանով։
«Սա ամենալավ ընտրություններն է եղել՝ բոլոր տեսանկյուններից։ Բայց կար մեծ հուզական լարվածություն, ինչը, հնարավոր է, պայմանավորված էր սպասելիքներով»,- հայտարարել է Հովակիմյանը։
Ձայների մասին հարցն ընկալելով որպես վիրավորանք՝ Հովակիմյանը հիշեցրել է իր լրագրողական անցյալը։ Արդյունքում ասուլիսը փոխվել է փոխադարձ վեճի, որտեղ նա ԶԼՄ-ներին մեղադրել է դիտավորյալ վիրավորելու փորձերի մեջ։
Անդրադառնալով երկու տեղամասերում տեղի ունեցածի համար ԿԸՀ մեղավորության մասին հարցին, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել, ինչի հետևանքով էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր անցել խորհրդարան, Հովակիմյանը նախընտրել է հնչեցնել ԿԸՀ հայտնի դիրքորոշումը։ Ըստ դրա՝ արդյունքները չեն ազդել ընդհանուր պատկերի վրա, իսկ ԿԸՀ-ն պարտավոր էր դրանք անվավեր ճանաչել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին այդպես էլ չի հաջողվել Հովակիմյանից բուն հարցի պատասխանը ստանալ․ նա խուսափել է ուղիղ պատասխանից՝ շարունակելով առաջ տանել ԿԸՀ հայտնի թեզերը։ «Ի՞նչ պետք է անեի, ընտրություննե՞րը կեղծեի, որ ԲՀԿ-ն անցնե՞ր»,- անսպասելի եզրահանգում է արել Հովակիմյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության օգտին քվեարկել են միայն փողով, և հարցին՝ արդյոք դա վիրավորական չէ ԿԸՀ-ի համար, Հովակիմյանը նշել է, որ դա քաղաքական հայտարարություն է՝ ուղղված մյուս ուժերին, իսկ քաղաքական վեճերին ԿԸՀ-ն չպետք է խառնվի։
Source: https://news.am/hy/news/1050988