Վիկտոր Օրբանին վարչապետի պաշտոնում փոխարինած Պետեր Մադյարի կառավարությունը հայտարարել է հանրային հեռուստառադիոհեռարձակող MTVA ընկերության վերակազմավորման մասին։

Մասնավորապես, պաշտոնից հեռացվել է M1 հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ժոլտ Նեմետը, հաղորդում է Euronews-ը։ Հուլիսի 7-ին M1-ը ամբողջ օրը ցուցադրել է միայն սև էկրան՝ հետևյալ բառերով.

Հանրային մեդիան իրավունք չունի ստելու։ Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ այս բոլոր տարիներին այդպես ենք վարվել։ Այժմ մեդիան վերափոխվում է, որպեսզի ապագայում դառնա անկախ և վստահության արժանի։ Լրատվական ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

«Պատմական օր է», — գրել է Մադյարը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով տեղի ունեցողը։ — «Այսօր հանրային մեդիայի հարթակներում դադարեցվեց քարոզչության հեռարձակումը։ Նրանք ստում էին գիշերը, ստում էին ցերեկը, ստում էին բոլոր հաճախականություններով։ Դրան այժմ վերջ է դրվել»։

Հուլիսի 8-ին M1 հեռուստաալիքը վերսկսել է հեռարձակումը, բայց առանց լրատվական թողարկումների։

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը Հունգարիայում ապրիլյան ընտրությունների մասին զեկույցում հատկապես նշել է, որ հանրային մեդիայի լրատվական հեռարձակումը հավասար պայմաններ չէր ապահովում բոլոր քաղաքական կուսակցությունների համար, իսկ MTVA-ն իր լրատվական թողարկումներում բացահայտ աջակցում էր Օրբանին։

Վիկտոր Օրբանը 16 տարի զբաղեցրել է Հունգարիայի վարչապետի պաշտոնը։ Ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացված ընտրություններում Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտվել է։ Խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստացել է «Տիսա» կուսակցությունը, իսկ դրա առաջնորդ Պետեր Մադյարը գլխավորել է կառավարությունը։

Source: https://news.am/hy/news/1048617