Հելսինկիի փողոցները լցնող բազմաթիվ սաունաների ու սրճարանների տակ թաքնված է գաղտնի «երկրորդ քաղաքը», որը մնում է քնած վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ աղետ չի պայթել:
Ֆիննական մայրաքաղաքի տակ՝ ժայռային ապարների մեջ, փորված է ավելի քան 5500 ապաստարան: Դրանցում բավականաչափ տեղ կա գրեթե մեկ միլիոն մարդ տեղավորելու համար, ինչը հսկայական թիվ է՝ հաշվի առնելով, որ քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 675հազար մարդ:
Երկիրն անընդմեջ պաշտպանական բունկերներ է կառուցում 1939 թվականից ի վեր: Սակայն 1954 թվականից Ֆինլանդիայի կառավարությունը օրենսդրական մակարդակով ամրագրեց մի նորմ. ռմբապաստարանի առկայությունը պարտադիր է 1200 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող ցանկացած շենքի տակ:
Մարզահրապարակներ և հերմետիկ դռներ. ինչպե՞ս է կառուցված Մերիհակա ապաստարանը
Այդպիսի ապաստարաններից ամենախոշորներից մեկը Մերիհական է:
Այս բունկերի ծավալը կազմում է 71 հազար խորանարդ մետր, ինչը մոտավորապես համապատասխանում է յոթհարկանի գրասենյակային շենքի չափսերին: Կառուցված լինելով 2003 թվականին՝ այն գետնից 25 մետր խորության վրա է: Այսօր այնտեղ ամենօրյա ռեժիմով գործում են մարզահրապարակներ, մարզասրահ և մանկական խաղահրապարակ. դա արված է նրա համար, որպեսզի տեղի բնակիչները սովորեն ստորգետնյա տարածքում գտնվելուն:
Արտակարգ իրավիճակի դեպքում օբյեկտն ընդամենը 72 ժամում կարելի է վերափոխել լիարժեք ապաստարանի՝ տեղադրելով երկհարկանի մահճակալներ, ջրի բաքեր և կենսազուգարաններ:
Գլխավոր մուտքը հագեցած է հսկայական կապույտ պաշտպանիչ-հերմետիկ դռների երկու շարքով: Առաջին զույգը նախատեսված է պայթյունի ալիքը մեղմելու համար, իսկ երկրորդը՝ ներսում գտնվողներին պաշտպանում է քիմիական, կենսաբանական և միջուկային զենքից: Բունկերը նախատեսված է մոտ 6000 մարդու համար:
Ընդսմին, Հելսինկիի փրկարար ծառայությունից Յուկկա-Պեկկա Շրյոդերուսը The Times-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ հսկայական դռները փակելու համար պահանջվող ժամանակի պատճառով իշխանությունները կարող են կանգնել դաժան ընտրության առաջ՝ փակել մուտքերը ժամանակից շուտ՝ մարդկանց մի մասին թողնելով դրսում:
«Եթե իրավիճակն օրհասական լինի, մեզ, հնարավոր է, ստիպված լինենք փակել դռները և մարդկանց թողնել դրսում»,- հայտարարել է նա:
Մերիհական Հելսինկիի 48 խոշոր ապաստարաններից միայն մեկն է (ի հավելումն 5500 ավելի փոքր օբյեկտների): Ընդհանուր առմամբ, ողջ երկրում կառուցված է շուրջ 50 հազար 500 բունկեր՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժառանգություն:
Այլ նմանատիպ օբյեկտներում կարելի է գտնել ամենատարբեր հարմարություններ՝ օլիմպիական չափսերի լողավազաններից՝ ջրային ատրակցիոններով ու սաունաներով, մինչև քարտինգի վազքուղիներ, սքեյթ-պարկեր, եկեղեցիներ և նետաձգության կենտրոններ: Շրյոդերուսի բնորոշմամբ՝ դրանք այնքան տարածված են, որ որոշ տարածքներ նույնիսկ օգտագործվում են որպես փորձասենյակներ ծանր ռոք խմբերի համար:
Չնայած Մերիհակա բունկերի տպավորիչ չափսերին, այն նախագծված է այնպես, որ 6000 մարդուց միաժամանակ կարող է քնել միայն մեկ երրորդը:
«Հայեցակարգը հիշեցնում է ծառայությունը սուզանավում. ցանկացած պահի մարդկանց մեկ երրորդը հանգստանում է, մյուս երրորդը՝ զբաղված է ինչ-որ գործերով, իսկ վերջին երրորդը հերթապահում է և մաքրում տարածքը,- պարզաբանում է Շրյոդերուսը:- Երբ մենք կնքենք ապաստարանը, արտաքին ջրին, օդին կամ կոյուղուն հասանելիություն չի լինի: Կառաջանան բազմաթիվ գործնական դժվարություններ: Պատկերացրեք՝ 6000 մարդուց յուրաքանչյուրն օրական 0,5-ից մինչև 2 կգ թափոն է արտադրում, ուստի մեծ թվով ձեռքեր կպահանջվեն այդ ամենն ուտիլիզացնելու համար»:
Թեև յուրաքանչյուր մարդու կհատկացվի 50 լիտր ջուր, սնունդ չի տրամադրվում: Յուրաքանչյուր ֆինն պետք է իր հետ ունենա տագնապային պայուսակ՝ 72-ժամյա գոյատևման հավաքածուով, որը ներառում է սնունդ, դեղորայք և արտաքին մարտկոցներ (power bank):
Ֆինլանդիայի՝ որպես «փրեփերների» (ցանկացած աղետի պատրաստ մարդկանց) երկրի համբավը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը: Օտարերկրյա քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ, նրանց թվում՝ նավթային հսկա Saudi Aramco-ն, ակտիվորեն տեղեկություններ են հարցնում և այցելություններ կատարում՝ ուսումնասիրելու, թե ինչպես են կառուցվում և սպասարկվում ֆիննական բունկերները:
Արտահանման խթանման համար ստեղծված Resilience Center Finland կազմակերպությունում հայտարարել են, որ անվտանգության և պաշտպանության ոլորտում ֆիննական արտահանման ծավալը չափվում է տասնյակ միլիարդավոր եվրոներով: Ընդ որում, պաշտպանիչ ապաստարանների վաճառքը բերում է տասնյակ միլիոնավոր եվրոներ և աճի հսկայական ներուժ ունի:
«Երկու տարի անց մենք արդեն ստիպված չենք լինի կոշտ մրցակցել պատվերների համար շուկայի գործընկերների հետ: Ընդհակառակը, շատ շուտով խնդիր կդառնա արտադրական հզորությունների պակասը»,- ասում է ֆիննա-շվեյցարական Verona Shelters Group ընկերության գլխավոր տնօրեն Իլկկա Կիվիսաարին՝ մատնանշելով բարձր պահանջարկը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանն ու Գերմանիան, ինչպես նաև մեծ հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի կողմից:
Հելսինկյան մեկ այլ ապաստարանի մուտքի մոտ, որն ունակ է տեղավորել 3800 մարդ, ֆիննական Temet Group-ի գլխավոր տնօրեն Յուհա Սիմոլան հայտնվել է հենց ճանապարհից. նա վերադարձել էր Չեխիայից՝ արտահանման խթանման ուղևորությունից, որը գլխավորում էր Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը:
Սիմոլան ցուցադրում էր ապաստարանների տեխնոլոգիաները Saudi Aramco-ի հյուրերին և խոստովանել է, որ Իրանի շուրջ հակամարտության սրման ժամանակ իրեն դիմել են նաև Պարսից ծոցի այլ երկրներից:
«Աբու Դաբիում հարված էր եղել, և ինձ այնտեղից զանգահարեցին՝ խնդրելով շտապ գալ»,- պատմել է Սիմոլան Reuters գործակալությանը՝ չխորանալով մանրամասների մեջ:
Նա հավելել է, որ իր ընկերությունը գործարան է կառուցում Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ նախատեսվում է վեր հանել հարյուրավոր ապաստարաններ: Temet ընկերությունը, որն այս շուկայում աշխատում է արդեն 70 տարի, ակնկալում է առաջիկա տարիներին իր եկամուտների 80%-ը ստանալ հենց արտահանման հաշվին:
Source: https://news.am/hy/news/1050688