Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարությանը ներկայացված՝ նշված օբյեկտի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքի մասին հաշվետվությունում։

Ստուգման շրջանակում մշակվել են էներգաբլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ։ Դրանց իրականացման ժամկետ է սահմանվել 2026 թվականի հոկտեմբերի 5-ը։

Բացի այդ, հրդեհների ազդեցության վերլուծության հիման վրա (որը վերաբերում է ռեակտորային տեղակայանքի անվտանգ կանգառին, հովացմանը, ինչպես նաև շրջակա միջավայր ռադիոակտիվ արտանետումների վերահսկմանն ու տեղայնացմանը) մշակվել են ԱԷԿ-ի հրդեհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Դրանց կատարման ժամկետ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։

Նշվում է, որ կայանի կողմից համակարգվող 37 ծրագրերից 17-ով իրականացվող աշխատանքներն արդեն ավարտվել են։

Source: https://news.am/hy/news/1051302