Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամափոսայի ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեխնիկական անսարքություն է առաջացել, երբ նա գտնվել է օդանավում: Միջադեպի մասին հայտնել է News 24 լրատվական պորտալը:
Ռամափոսան հուլիսի 16-ի առավոտյան թռել է երկրի մայրաքաղաք Պրետորիայի արվարձանում տեղակայված Ուոթերքլուֆ ռազմաօդային բազայից: Ինքնաթիռն ուղևորվում էր հանրապետության հարավ-արևելքում գտնվող Դուրբան քաղաք, որտեղ պետության ղեկավարը պետք է մասնակցեր Toyota ավտոարտադրող ընկերության նոր արտադրական գծի ծրագրի մեկնարկին: Սակայն թռիչքի ժամանակ ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի մանրամասները չեն բացահայտվում:
«Մեր ինքնաթիռում տեխնիկական խնդիր է առաջացել,- հայտնել է ՀԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան, որին մեջբերում է պորտալը:- Մենք ստիպված էինք շրջվել և վերադառնալ բազա»: Ավելի ուշ Ռամափոսան ստիպված է եղել առցանց ելույթ ունենալ Դուրբանում հավաքվածների առջև:
Միջադեպի հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Source: https://news.am/hy/news/1050244