Ղազախստանի Պավլոդար քաղաքում տարեց ամուսնական զույգը, հետևելով հեռախոսային խարդախների հրահանգներին, հրավառությամբ տորթ է բերել բանկի մասնաճյուղ և այն վառել հենց սպասարկման սրահում։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել է «Tengri News» լրատվական կայքը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Տեսահսկման խցիկների կադրերում երևում է, թե ինչպես են թոշակառուները կանգնած հաճախորդների սրահի սեղանի մոտ, իսկ նրանց դիմաց տորթով տոպրակն է՝ վառվող հրավառուկով։ Վայրկյաններ անց տեղի է ունենում կտրուկ բռնկում և պայթյուն, որի հետևանքով կոտրվում է սեղանը։ Տարեց ամուսինները թեթև վնասվածքներ են ստացել։

Ոստիկանության տվյալներով՝ թոշակառուները նախկինում ևս դարձել էին խարդախների զոհ՝ գումար ներդնելով կեղծ ներդրումային նախագծերում։ Չնայած այն հանգամանքին, որ այդ փաստով հետաքննություն է ընթանում, և փողերի լվացման միջնորդների մի մասն արդեն ենթարկվել է պատասխանատվության, չարագործները կրկին կապ են հաստատել նրանց հետ։

Հստակեցվում է, որ գումարները վերադարձնելու պատրվակով նրանք համոզել են տարեցներին տորթ ու հրավառուկ գնել և այն վառել բանկում։ Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կասկածյալների որոնումները շարունակվում են։

Source: https://news.am/hy/news/1050149