Գերմանիայի հարավում գտնվող միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու աղջիկ ծանր վիրավորվել է, իսկ ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա կասկածյալին: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Բավարիա դաշնային երկրամասի Շոնգաու քաղաքում, հաղորդում է Euronews-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը, ենթադրաբար, նպատակաուղղված գրոհել է Շոնգաուի Վելֆեն գիմնազիան: Իրավապահ մարմինների ներկայացուցիչը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ խոսքը կարող է վերաբերել «անկանոն հարձակման» ոճով գործողությանը:
Միաժամանակ, ոստիկանությունը դեռևս չի հաստատել լրատվամիջոցների այն տեղեկությունները, ըստ որոնց չարագործը դանակ է օգտագործել:
Ի սկզբանե ոստիկանությունը հայտնում էր մի քանի տուժածների մասին, սակայն ավելի ուշ ճշգրտել է, որ, ըստ ընթացիկ տեղեկությունների, լուրջ վնասվածքներ է ստացել երկու աղջիկ: Ըստ իրավապահների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Չի հստակեցվում՝ արդյոք տուժածները դպրոցի աշակերտուհիներ են:
Ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալ պահին կարծում է, որ կասկածյալը գործել է միայնակ: Իրավապահները բնակիչներին կոչ են արել խուսափել պատահարի վայրից՝ նշելով, որ քաղաքում մեծ թվով աշխատակիցների ներգրավմամբ լայնածավալ գործողություն է իրականացվում:
Աշակերտների ծնողների և հարազատների համար կապի կետ է կազմակերպվել Շոնգաուի հրշեջ կայանում:
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը ներգրավել է վեց ուղղաթիռ, որոնցից մեկն օգտագործվել է տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Մյուսը կիրառվել է կասկածյալի որոնումների ժամանակ, որը որոշ ժամանակ փախուստի մեջ էր, սակայն շուտով հայտնաբերվել և ձերբակալվել է:
Գերմանիայի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում լուրջ հարձակումներ հազվադեպ են լինում, սակայն նախկինում նման դեպքեր արդեն պատահել են: 2022 թվականին 18-ամյա մի գերմանացի կրակ է բացել Հայդելբերգի համալսարանի լսարանում՝ սպանելով մեկ ուսանողի և վիրավորելով ևս երեք հոգու, որից հետո ինքնասպան է եղել:
2009 թվականին 17-ամյա Թիմ Կրեչմերը զանգվածային սպանություն էր իրականացրել Շտուտգարտի մերձակայքում գտնվող Վինենդեն քաղաքի իր նախկին դպրոցում: Նա սպանել էր 15 մարդու՝ ինը աշակերտի, երեք ուսուցչի և երեք անցորդի, որից հետո նույնպես ինքնասպանություն էր գործել:
2002 թվականին 19-ամյա զինված հանցագործը Գերմանիայի արևելքում գտնվող Էրֆուրտ քաղաքի դպրոցում սպանել էր 16 մարդու, նրանց թվում՝ 12 ուսուցչի և երկու աշակերտի:
Source: https://news.am/hy/news/1048666