Նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ, shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա, 5 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Source: https://news.am/hy/news/1049685