Global Combat Air Programme (GCAP) միջազգային ծրագրի շրջանակում նոր կործանիչի շահագործման հանձնելու ծրագրերը մինչև 2035 թվականը կմնան անփոփոխ, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի նախագծին միանա ևս մեկ երկիր: Դրա մասին երկուշաբթի հայտարարել է ինքնաթիռը մշակող համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրենը:

Դիտորդներն ավելի ու ավելի հաճախ են քննարկում մասնակիցների եռյակի հնարավոր ընդլայնման թեման այն բանից հետո, երբ հունիսին տապալվեց կործանիչի ստեղծման մրցակից ֆրանս-գերմանական ծրագիրը: Դա ապակայունացրեց եվրոպական պաշտպանական դաշինքները և մտահոգություններ առաջացրեց նախագծերի ժամկետների հնարավոր ձգձգման վերաբերյալ:

Կանադան արդեն համաձայնության է եկել ծրագրում դիտորդի կարգավիճակ ստանալու շուրջ. այս մասին անցյալ շաբաթ Reuters գործակալությանը հայտնել էր աղբյուրը, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է երեքշաբթի: Այդ նախնական քայլը Օտտավայից որևէ ֆինանսական պարտավորություն չի պահանջում:

Ինքնաթիռի ստեղծմամբ զբաղվող Edgewing համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Մարկո Ձոֆը Ֆարնբորոյի ավիասրահում լրագրողներին հայտնել է, որ նոր գործընկերների հնարավոր գալուստը չի շեղի աշխատանքների գրաֆիկը:

«Մեր երեք կառավարություններն այնպիսի ճնշում են գործադրում և տրվում են այնքան հստակ ցուցումներ՝ խիստ ժամկետները պահպանելու վերաբերյալ, որ, կարծում եմ, մենք կգտնենք հարմարվելու միջոցը [...]՝ առանց վերջնական ժամկետները վտանգելու»,- ընդգծել է նա:

Ճապոնիան, որը Չինաստանի ռազմական էքսպանսիան դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը, առանձնահատուկ մտահոգություն ունի 2035 թվականը որպես թիրախային կողմնորոշիչ պահպանելու հարցում. հենց այդ ժամանակ է երկիրը ծրագրում սկսել F-2 կործանիչների դուրսբերումը շահագործումից:

Երկուշաբթի ելույթ ունենալով Ֆարնբորոյի ավիասրահում՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին ընդգծել է գործընկերային հարաբերությունների կարևորությունը, սակայն գրաֆիկների թեմային ուղղակիորեն չի անդրադարձել:

GCAP վեցերորդ սերնդի անտեսանելի կործանիչը մշակող Edgewing ձեռնարկությունը գտնվում է BAE Systems, Leonardo և Japan Aircraft Industrial Enhancement ընկերությունների համատեղ սեփականության ներքո: Ավելի վաղ՝ հուլիսին, այն 4,6 միլիարդ ֆունտ ստերլինգի (6,19 միլիարդ ԱՄՆ դոլար) պայմանագիր է ստացել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի կառավարություններից:

Source: https://news.am/hy/news/1050772