Ֆրանսիայում անտառային հրդեհի մակերեսը մեծացել է՝ հասնելով մինչև 1000 հեկտարի։ Դրա մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Պատահարի ֆոնին կրկին դադարեցվել է գնացքների շարժը «Հարավ-Արևելք» գերարագընթաց գծի հատվածում։ Արդյունքում որոշ ուղղություններով ուշացումները կազմում են ավելի քան երեքուկես ժամ։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հրդեհի պատճառով վնասվել են նաև մի քանի տնտեսական շինություններ Նուազի սյուր Էկոլ կոմունայի մոտ գտնվող ֆերմայում. բնակիչներն իրենք են փորձել մարել դրանք մինչև մասնագետների ժամանումը։ Բացի դրանից, հրդեհը հասել է Ֆոնտենբլոյի ձիասպորտի ակումբ. կենդանիներին տարհանում են։

Հստակեցվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են չորս հրդեհաշեջ ինքնաթիռ և երկու հրդեհաշեջ ուղղաթիռ, ինչպես նաև ավելի քան 800 փրկարար։ Տվյալ պահին տարհանվել է մոտ 900 մարդ։

Նախօրեին հանրապետության ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր, որ փորձնական կարգով ներգրավվել է A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Նրա տվյալներով՝ աշխատանքներ են տարվել ինքնաթիռը 20 հազար լիտր ջուր բաց թողնելու համակարգով հանդերձելու ուղղությամբ, ինչը համարժեք է երեք Canadair հրդեհաշեջ ինքնաթիռների ծավալին։ Նունյեսն ասել է, որ փորձարկումն իրականացվում է վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուի հավանությամբ, և հավելել, որ 15 օր անց կանցկացվեն անհրաժեշտ փորձարկումները։

Source: https://news.am/hy/news/1049635