Ֆրանսիայի գրեթե բոլոր նախարարությունները ստիպված կլինեն սահմանափակել իրենց ծախսերը 2027 թվականին՝ բյուջեի մեծ դեֆիցիտի կրճատմանը հասնելու կառավարության ձգտման ֆոնին, գրում է Les Echos պարբերականը:
Բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալը 2027 թվականին բացարձակ արտահայտությամբ պետք է աճի շուրջ 20 միլիարդ եվրոյով և հասնի 417 միլիարդ եվրոյի՝ առանց պետական ծառայողների կենսաթոշակային հատկացումները հաշվի առնելու։ Սակայն այդ աճը գրեթե ամբողջությամբ կլանվում է պարտքի սպասարկման ծախսերի զգալի ավելացմամբ (+12,3 միլիարդ եվրո) և պաշտպանությանն ուղղվող լրացուցիչ միջոցներով (+6,4 միլիարդ եվրո), հստակեցնում է պարբերականը: Այսպիսով, մնացած նախարարությունների համար հավելումը կլինի չափազանց չնչին և կուղղվի հիմնականում բնապահպանության, ինչպես նաև անվտանգության և տարածքային կառավարման ոլորտների նախագծերին:
Մյուս գերատեսչությունները ստիպված կլինեն էլ ավելի կրճատել իրենց ծախսերը, քան 2026 թվականին, և ամենից շատ կնվազի Աշխատանքի նախարարության բյուջեն (-1,9 միլիարդ եվրո): Այլ նախարարություններում սահմանափակումները շատ ավելի մեղմ կլինեն, սակայն, օրինակ, գիտական հետազոտությունների և բարձրագույն կրթության բյուջեն, որն ավելանում է 500 միլիոն եվրոյով, «իրականում միայն հետևում է գնաճին», արձանագրում է պարբերականը:
Ազգային կրթության նախարարությունը, որն ունի բոլոր գերատեսչությունների շարքում ամենախոշոր բյուջեն, 2027 թվականին կստանա 65 միլիարդ եվրո, սակայն նախորդ տարվա համեմատ աճն ավելի ցածր կլինի, քան գնաճի մակարդակը: Միաժամանակ, ինչպես գրում է Les Echos պարբերականը, իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս այն հարցերին, թե արդյոք դա կհանգեցնի հաջորդ ուսումնական տարում դպրոցներում դասարանների փակմանը:
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, կառավարությունը ծրագրում է նրանց խնդրել, ինչպես նախորդ տարի, օպտիմալացնել սեփական ծախսերը: Ակնկալվում է, որ դրանք կսառեցվեն 339 միլիարդ եվրոյի մակարդակում, ինչը համապատասխանում է 2026 թվականի ցուցանիշին:
Հունիսի վերջին Վիճակագրության ազգային ինստիտուտը (Insee) հայտնել էր, որ Ֆրանսիայի պետական պարտքը գերազանցել է 3,5 տրիլիոն եվրոն, ինչը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի 117,5%-ը: Ընդ որում, պարտքի չափն աճում է ավելի արագ, քան ֆրանսիական տնտեսությունը, իսկ դրա հետ մեկտեղ աճում է նաև տոկոսագումարների չափը, որոնք կառավարությունը պետք է վճարի ամեն տարի: Ըստ կանխատեսումների՝ պարտքի սպասարկումը Ֆրանսիայի վրա կնստի 59 միլիարդ եվրո 2026 թվականին և 77 միլիարդ եվրո՝ 2028 թվականին:
Source: https://news.am/hy/news/1050229