Ֆրանսիացի խոշոր հողատերերը հնարավոր է հազարավոր տոննա բանջարեղեն կորցնեն, իսկ գյուղատնտեսության առանձին ճյուղեր ռիսկի են դիմում զրկվելու իրենց տարեկան արտադրության ծավալի մինչև 50%-ից՝ գյուղատնտեսական հողատարածությունները ոչնչացնող 40-աստիճանանոց շոգի պատճառով: Գնորդներն արդեն իսկ զգուշացվել են սուպերմարկետների դարակներում թարմ մթերքի տեսականու կրճատման մասին:

Մոտակա շաբաթներին երկրում կարող է գլուխ սոխի, մատղաշ կանաչու, տերևավոր կաղամբի, գազարի, պրասի, շալոտ սոխի, սխտորի, հապալասի և ելակի դեֆիցիտ առաջանալ:

Ֆերմերների Vegetables of France («Ֆրանսիայի բանջարեղեն») ճյուղային միավորումը զգուշացրել է, որ իրադրության ներկա ընթացքը վերածվում է իսկական annus horribilis-ի (լատիներենից՝ «սոսկալի տարի»):

«Երեք հզորագույն շոգի ալիք երեք շաբաթվա ընթացքում ամբողջ Ֆրանսիայում և Եվրոպայում. տեղական բաց գրունտի բանջարաբուծության համար այս տարին աղետալի է դառնում: Շոգի երրորդ ալիքը դեռ շարունակվում է, սակայն հուլիսյան տապի արդյունքներով տվյալներն արդեն սարսափելի պատկեր են գծում. իրավիճակը օրհասական է: Մի շարք մշակաբույսերի, մասնավորապես՝ դաշտային հազարը, մատղաշ կանաչիի, տերևավոր կաղամբի, գազարի, պրասի, շալոտի, սխտորի ու գլուխ սոխի, կորուստներն այս պահին յուրաքանչյուր դիրքով հաշվվում են հազարավոր տոննաներով: Արտադրողների համար դա արդեն իսկ նշանակում է տասնյակ միլիոնավոր եվրոների վնասներ»:

Կազմակերպության ներկայացուցիչները հավելել են, որ որոշ սեգմենտներում կորուստները կարող են ամբողջ տարեկան բերքի 50%-ին հասնել:

Դեռևս մայիսին՝ նախքան երկիրն անոմալ շոգի ճիրաններում հայտնվելը, Ֆրանսիայում պլանավորվում էր հավաքել շուրջ 495 հազար տոննա լոլիկ: Սակայն, Vegetables of France-ի տվյալներով, այս մրցաշրջանում լոլիկի բերքի գրեթե կեսի աճն ու հասունացումը պարզապես կանգ է առել:

Իրավիճակը սրվում է նաև լոգիստիկ ձախողումների և Եվրոպայի ներսում մատակարարումների խնդիրների պատճառով, քանի որ էքստրեմալ ջերմաստիճանների է բախվել ոչ միայն Ֆրանսիան, այլև հարևան պետությունները: Ջրի սուր դեֆիցիտի պատճառով կրկնակի ցանքսը կամ սածիլների տնկումը անհնարին կլինեն, եթե եղանակը չկարգավորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ինչն, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, ծայրահեղ քիչ հավանական է:

Մայիսից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է շոգի երեք ռեկորդային ալիք, ընդ որում՝ առանձին շրջաններում ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել է մինչև +44°C:

Գյուղատնտեսական հողատարածությունները տուժել են այսպես կոչված «ֆենի էֆեկտից». շիկացած չոր քամիները՝ էքստրեմալ ջերմաստիճանի հետ համակցված, բույսերից խոնավությունն գոլորշիացնում են ավելի արագ, քան դրանց արմատային համակարգը հասցնում է ջուր ներծծել հողից: Արդյունքում մշակաբույսերը պարզապես այրվում և ոչնչանում են:

Vegetables of France-ում ընդգծում են, որ ստեղծված ճգնաժամը ծանր հետևանքներ կունենա տնտեսության և աշխատաշուկայի համար. ագրոձեռնարկությունները փակվում են, ինչի պատճառով ֆերմերները ստիպված են դադարեցնել սեզոնային աշխատողների հավաքագրումը և աշխատակիցներին ուղարկել հարկադիր արձակուրդ:

«Ձեռնարկությունները դադարեցնում են աշխատանքը, իսկ արտադրական ներուժը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա, պարզապես հալվում է աչքի առաջ: Ահա ձեզ և՛ ինքնաբավության ցուցանիշները, և՛ պարենային ինքնիշխանությունը: Մոտակա հեռանկարում պետք է սպասել խանութների դատարկ դարակների, քանի որ ներմուծումը չի կարողանա ծածկել առաջացած դեֆիցիտը: Մենք մուտք ենք գործում առևտրային նոր իրականություն, որի գլխավոր գիծը դեֆիցիտն է»:

Ընդ որում, էքստրեմալ եղանակը հարվածել է ոչ միայն բանջարաբուծությանն ու մրգերի աճեցմանը. լրջորեն տուժել են թռչնաբուծական և կաթնատու տնտեսությունները:

Առ այս պահը, անոմալ շոգի պատճառով Ֆրանսիայում սատկել է շուրջ 700 հազար հավ: Ողջ մնացած թռչունները զգալիորեն քիչ ձու են ածում (որոնք, ի դեպ, չափսերով փոքրացել են) կամ ընդհանրապես դադարել են ածելուց:

«Մենք երբեք նման բանի չենք բախվել: Սա պարզապես աննախադեպ դեպք է»,- «France3» հեռուստաալիքին տված հարցազրույցում կիսվել է թռչնաբույծ-ֆերմեր Ֆրեդերիկ Շարտիեն:

Source: https://news.am/hy/news/1050685