Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Անկարան և Վաշինգտոնը հետագայում խոչընդոտների չեն հանդիպի թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար ամերիկյան F110 շարժիչների մատակարարման հարցում:

«F110 շարժիչների վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսին առարկություններ ներկայացնելու ժամկետն ավարտվել է նախօրեին։ Հետևաբար, հույս ունեմ, որ հետագայում այս հարցում խնդիրներ չեն առաջանա»,- TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆիդանը:

Առկա տվյալներով՝ Թուրքիան արդեն ստացել է GE Aerospace արտադրության մի քանի F110 շարժիչներ և նախատեսում է ձեռք բերել ևս առնվազն 80 միավոր։

Ֆիդանը նշել է նաև, որ դաշնակիցների միջև չպետք է գոյություն ունենան պատժամիջոցներ Թուրքիայի դեմ որևէ ուղղությամբ։

«Թուրքիան երբեք փոխզիջման չի գնա ազգային անվտանգության հարցերում։ Երբ դաշնակիցների հետ համատեղ որոշակի պաշտպանական կարողությունների ձեռքբերման կամ զարգացման հարցում մեզ մոտ դժվարություններ են առաջանում, մենք չենք սպասի, այլ այլընտրանքային ուղիներ կփնտրենք»,- ընդգծել է նախարարը:

Source: https://news.am/hy/news/1049148