Էստոնիայում առաջարկել են 2028 թվականից սննդի հանրային և ժամանցի հաստատություններին պարտավորեցնել հրաժարվել սննդի և խմիչքի համար նախատեսված մեկանգամյա փաթեթավորումից, որոնք սպառվում են հենց հաստատությունների ներսում։ Այս մասին հայտնում է ERR-ը։

Համապատասխան փոփոխությունները նախաձեռնել է Կլիմայի փոփոխության հարցերով նախարարությունը։ Որոշման նախագծի համաձայն՝ սրճարանները, ռեստորաններն ու ակումբները պետք է անցնեն բազմակի օգտագործման սպասքի կիրառմանը։

Ներկայումս Էստոնիայում սրճարանների և ռեստորանների մեծ մասն արդեն օգտագործում է սովորական սպասք, սակայն մեկանգամյա փաթեթավորումը լայնորեն կիրառվում է արագ սննդի կետերում և կինոթատրոններում, ինչը հանգեցնում է զգալի ծավալի թափոնների առաջացման։

Միևնույն ժամանակ մեկանգամյա փաթեթավորումը կմնա թույլատրելի՝ ուտելիքն ու խմիչքները հետը վերցնելու համար։ Իշխանությունները նաև առաջարկում են ստեղծել դեպոզիտային համակարգ, որի դեպքում գնորդները կկարողանան ուտելիք կամ խմիչք վերցնել բազմակի օգտագործման տարայով, ապա այն վերադարձնել հաստատությանը։

Նախարարությունում նշել են, որ բիզնեսի համար սպասքի լվացումը և կրկնակի օգտագործումը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի էժան լինել, քան մեկանգամյա փաթեթավորման մշտական գնումն ու ուտիլիզացիան։

Էստոնական որոշ հաստատություններ արդեն արձանագրում են բազմակի օգտագործման լուծումների ժողովրդականության աճ. հաճախորդների մոտ 15%-ը սուրճ վերցնելու է գալիս իր սեփական թերմոբաժակով, և այդ մասնաբաժինը շարունակում է աճել։

Source: https://news.am/hy/news/1049191