Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում անցկացված փակ նիստում ձայների մեծամասնությամբ աջակցել են Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի նկատմամբ խիստ առևտրային սահմանափակումների ներդրմանը։
Դրա մասին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը, հաղորդում է Euronews-ը։
Նա նշել է, որ ամենամեծ աջակցությունն է ստացել այն տարբերակը, որով նախատեսվում է ամբողջությամբ արգելել այն բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծումը, որոնք Եվրամիությունը համարում է անօրինական։
«Ամենամեծ աջակցությունը ստացած տարբերակը անօրինական բնակավայրերի հետ առևտրի արգելքն է»,- հայտարարել է Կալլասը։
Նա հավելել է, որ հարցի հետագա առաջմղման համար հնարավոր է ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստ հրավիրվի։
Ինչպես նշում է Euronews-ը, պետությունների ամենախոշոր խումբը հանդես է եկել նոր միջոցների ընդունման օգտին՝ առանց միության բոլոր անդամների պարտադիր միաձայնության հասնելու: Ավելի վաղ Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել էր սահմանափակել իսրայելական բնակավայրերից արտադրանքի ներմուծումը՝ ներառյալ նման մատակարարումների ամբողջական արգելքի հնարավորությունը։
Source: https://news.am/hy/news/1049607