Եվրոպական Միության երկրների արտգործնախարարները կքննարկեն բռնազավթված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելք սահմանելու հնարավորությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ երկուշաբթի Բրյուսելում անցկացվելիք հանդիպումը, ամենայն հավանականությամբ, չի հանգեցնի կոնկրետ որոշումների ընդունմանը, սակայն հնարավորություն կտա գնահատել ԵՄ անդամ երկրների շրջանում նման նախաձեռնության աջակցության մակարդակը:

Եվրոպական Միությունը բախվում է աճող ճնշումների՝ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Այս շաբաթ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է բնակավայրերի հետ առևտրի սահմանափակման հնարավոր տարբերակները, ներառյալ՝ արտադրանքի ներմուծման լիակատար արգելքը:

Միաժամանակ, Բրյուսելում պահպանվում են տարաձայնությունները նման որոշման ընդունման ընթացակարգի վերաբերյալ. ոմանք կարծում են, որ դրա հաստատման համար կպահանջվի բոլոր 27 անդամ պետությունների համաձայնությունը, իսկ մյուսները ենթադրում են, որ բավարար է որակյալ մեծամասնությունը:

ԵՄ անդամ մի քանի երկրներ, դրանց թվում՝ Իռլանդիան, Նիդերլանդները և Իսպանիան, արդեն իսկ սեփական սահմանափակումներն են մտցրել բռնազավթված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերի հետ առևտրի նկատմամբ, որոնք, ըստ միջազգային իրավունքի, անօրինական են համարվում:

Source: https://news.am/hy/news/1049173