Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կորոշվի Իրանի գործոնով: Իրավիճակն այս պահին մտահոգիչ է թվում. պատերազմը վերսկսվել է, սակայն Ամերիկան հաղթանակի իրատեսական ծրագիր չունի, գրում է Financial Times պարբերականը:

Ազգային անվտանգության ամերիկյան էլիտան արդեն իսկ նվազեցնում է այն նշաձողը, թե ինչը կարելի է հաջողություն համարել: պաշտպանության նախարարի պաշտոնը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում զբաղեցրած Մարկ Էսպերը Ասպենի անվտանգության ֆորումի հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է բավարարվել երկու գլխավոր նպատակի հասնելով: Առաջինը՝ Հորմուզի նեղուցով առանց տուրքերի գանձման նավագնացության վերականգնումն է: Երկրորդը՝ իրանական միջուկային ծրագրի վրա այնպիսի սահմանափակումների կիրառումն է, որոնց հասել էր Օբամայի վարչակազմը: Այլ կերպ ասած՝ Ամերիկայի նպատակը պետք է լինի լոկ նախապատերազմյան ստատուս քվոյի վերականգնումը:

Սակայն նույնիսկ այս համեստ նպատակները կարող են անհասանելի լինել: Իրանը լի է վճռականությամբ՝ վճար գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, և առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես Ամերիկան կարող է խոչընդոտել դրան: Հորմուզի նեղուցով տարանցման տուրքերը Թեհրանին հնարավոր կերպով կարող են բերել միլիարդավոր դոլարների եկամուտ և նրան համաշխարհային էներգամատակարարումների նկատմամբ վերահսկողության մշտական լծակ հաղորդել:

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի հանդուրժի իրավիճակի նման զարգացումը: Ընդսմին, ռմբակոծությունների ուժգնացումը մեծ հավանականությամբ չի կարողանա ապաշրջափակել նեղուցը, իսկ Սպիտակ տանը ներկայում ցամաքային զորքեր ներգրավելու ոչ մի ցանկություն չկա: Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Բարի ՄըքՔեֆրին գնահատում է, որ Հորմուզի նեղուցի շրջանում ցամաքային գործողությոսւն իրականացնելու համար կպահանջվի 600 հազար զինվորականից բաղկացած խմբավորում, իսկ բուն արշավը կարող է ձգձգվել մեկ տարի: Միևնույն ժամանակ, Իրանը մարտական գործողությունների հերթական էսկալացիային պատասխանեց վերջին ամիսների ընթացքում առաջին հարվածով Սաուդյան Արաբիային: Դա հիշեցում էր այն մասին, որ Պարսից ծոցի երկրները ծայրահեղ խոցելի են կարևորագույն ենթակառուցվածքների, օրինակ՝ ջրի աղազատման գործարանների և նավթային հարթակների վրա հասցվող հարվածների նկատմամբ:

Թրամփի վարչակազմը գիտակցում է, որ իրանական հրթիռների և անօդաչու սարքերից բխող սպառնալիքը գալիք տարիներին միայն աճելու է: Թեհրանն արդեն իսկ ցուցադրել է ամենատարբեր թիրախներ խոցելու իր ունակությունը՝ ներառյալ Դուբայի օդանավակայանը, Կատարում հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտները և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները (ուրբաթ Հորդանանում զոհվել է ԱՄՆ երկու զինծառայող): Այնուամենայնիվ, ամերիկացի ռազմավարները մտահոգված են, որ ԱԹՍ-ների և հրթիռների արտադրության տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը՝ Ռուսաստանի և Չինաստանի ցուցաբերած լայնածավալ օգնության հետ համատեղ, մեծ հավանականությամբ կհանգեցնի նրան, որ մի քանի տարի անց Իրանը կտիրապետի էլ ավելի ճշգրիտ և հեռահար զենքերի:

Այն թիրախների թվում, որոնք այդ դեպքում կարող են հայտնվել իրանական հարվածի սպառնալիքի տակ, ներառված են իսրայելական Դիմոնայի միջուկային ռեակտորը և Դիեգո Գարսիա կղզու ամերիկյան բազան, որն առանցքային նշանակություն ունի Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժի պրոյեկտման համար: Ընթացիկ հակամարտության ընթացքում իրանցիներն արդեն իսկ հրթիռներ են արձակել երկու օբյեկտների ուղղությամբ էլ, բայց՝ ապարդյուն: Սակայն ապագայում իրավիճակը կարող է փոխվել:

Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը պատասխանել այդ մռայլ հեռանկարին: Այն աճող գիտակցումը, որ Ամերիկային, հնարավոր է, երբեք չհաջողվի զսպել Թեհրանին բանակցությունների միջոցով, հանգեցնում է նրան, որ Իրանում վարչակարգի փոփոխության գաղափարը կրկին վերադառնում է Վաշինգտոնի քաղաքական օրակարգ: Իսլամական Հանրապետության տապալումը Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սկզբնական նպատակն էր, երբ փետրվարի 28-ին նրանք պատերազմ սկսեցին Իրանի դեմ: Սակայն նրանց հույսերը, թե ռազմական գործողությունները հաջող ժողովրդական ապստամբություն կհրահրեն իրանական ղեկավարության դեմ, արագորեն փլուզվեցին:

Source: https://news.am/hy/news/1050766