DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենը ներդրումների ներգրավման նոր փուլից հետո կրկնապատկել է իր կարողությունը՝ հասցնելով այն 36 միլիարդ դոլարի, ինչի շնորհիվ դարձել է արհեստական բանականության (ԱԲ) մոդել ստեղծողների շրջանում ամենահարուստը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշին։
«DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենի կարողությունն իր ընկերության կողմից ներդրումների ներգրավման վերջին փուլից հետո աճել է ավելի քան երկու անգամ, ինչի շնորհիվ չինացի ձեռնարկատերը դարձել է աշխարհում ամենահարուստը արհեստական բանականության մոդելների հիմնադիրների շրջանում», - հայտնում է գործակալությունը։
BBI-ի տվյալներով՝ Լյան Վենֆենի կարողությունը նախորդ օրվա 16,7 միլիարդ դոլարից հասել է 36 միլիարդ դոլարի։ Այսպիսով, օրական աճը կազմել է 116%, իսկ տարվա սկզբից աճը՝ 124%։
Վարկանիշից հետևում է, որ սա զգալիորեն ավելի բարձր է, քան OpenAI-ի համահիմնադիր և նախագահ Գրեգ Բրոկմանի կարողությունը (25,5 միլիարդ դոլար) և Anthropic-ի համահիմնադիր ու ղեկավար Դարիո Ամոդեյի կարողությունը (7,98 միլիարդ դոլար)։
Չինաստանում հիմնադրված «DeepSeek» ընկերությունը մասնագիտանում է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և զարգացնում է համանուն նեյրոնային ցանցը։ Ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ անցյալ տարի թողարկել է արհեստական բանականության վրա հիմնված օգնական, որը, ինչպես նշված է նրա կայքում, չի զիջում «ChatGPT»-ին։
Source: https://news.am/hy/news/1049713