American Bitcoin Corp. ընկերությունը, որի համահիմնադիրներից մեկը ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփն է, շուկայական արժեքի գագաթնակետից ի վեր կորցրել է ավելի քան 95%-ը, ինչի հետևանքով նրան պատկանող բաժնետոմսերի փաթեթի արժեքը նվազել է ավելի քան 600 մլն դոլարով։ Այս մասին հուլիսի 9-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

«American Bitcoin-ի բաժնետոմսերը իրենց գագաթնակետային արժեքի համեմատ նվազել են ավելի քան 95%-ով։ Վերջին 10 ամիսների ընթացքում Էրիկ Թրամփի բաժնետոմսերի շուկայական արժեքը կրճատվել է ավելի քան 600 մլն դոլարով», — ասվում է նյութում։

Էրիկ Թրամփին պատկանում է American Bitcoin-ի մոտ 6%-ը, որտեղ նա զբաղեցնում է ռազմավարության տնօրենի պաշտոնը։ Բիթքոյնի փոխարժեքի անկման ֆոնին ներդրողները սկսել են նախապատվություն տալ այն մայնինգային ընկերություններին, որոնք իրենց ենթակառուցվածքները վերակողմնորոշել են արհեստական բանականության համար տվյալների մշակման կենտրոնների վրա։

American Bitcoin-ը շարունակել է խաղադրույք կատարել բիթքոյնի արդյունահանման և գնման վրա, սակայն բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկումից հետո ստիպված է եղել փոխել դրանց կառուցվածքը, որպեսզի իր արժեթղթերը չհանվեն Nasdaq բորսայի առևտրից։ Հոդվածում նշվում է, որ առաջին եռամսյակում ընկերությունը ստացել է 118,2 մլն դոլարի գործառնական վնաս՝ իր բիթքոյնային պահուստների 117,2 մլն դոլարի վերագնահատումից հետո։

American Bitcoin-ը ստեղծվել էր American Data Centers նախագծի հիման վրա, որը միտված էր ԱԲ ենթակառուցվածքի զարգացմանը, սակայն արդեն մեկ ամիս անց փոխել է ռազմավարությունը՝ կենտրոնանալով բիթքոյնի մայնինգի և կուտակման վրա։

Source: https://news.am/hy/news/1048888