Նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության «հավանության» մակարդակը նվազում է արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին, որն իր մասշտաբներով մոտենում է Խորհրդային Միության վերջին տարիների ապրանքների դեֆիցիտին, փոխանցել է The Moscow Times-ը։
Հուլիսի 12-ի դրությամբ Պուտինի «հավանության» վարկանիշն իջել է մինչև 65,1 տոկոս՝ հասնելով պատերազմի ամբողջ ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշին, ուրբաթ հայտնել է Հանրային կարծիքի ուսումնասիրման պետական համառուսական կենտրոնը։ Մեկ շաբաթվա ընթացքում Պուտինը կորցրել է հավանության 0,9 կետ, իսկ վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ 5,3 կետ։
Վարկանիշի անկման տեմպերը գերազանցել են 2022 թվականի աշնան անկման տեմպը, երբ Կրեմլը հայտարարեց մոբիլիզացիա, և 2024 թվականի օգոստոսինը, երբ Ուկրաինայի զինված ուժերը մտան Կուրսկի մարզ. առաջին դեպքում հետընթացը կազմել է 3,3 կետ չորս շաբաթում, երկրորդում՝ 5,1 կետ։
Պուտինի գործունեությունը «չհավանողների» բաժինը, ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալների, հասել է 23,4 տոկոսի և գրեթե հավասարվել է նրանց բաժնին, ովքեր «չեն հավանում» կառավարության աշխատանքը (24,4 տոկոս)։ Ընդ որում, Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինին չհավանելու մակարդակով գերազանցում է ավելի քան մեկուկես անգամ։
Source: https://news.am/hy/news/1050339