Եվրոպայի մի քանի տարածաշրջաններում լայնածավալ անտառային հրդեհների ֆոնին Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել արտերկիր ուղևորություններ ծրագրող քաղաքացիներին գրանցվել Travellers Online հատուկ հարթակում։

«Սա ծառայություն է, որը տրամադրվում է Բելգիայի արտաքին գործերի նախարարության կողմից արտերկիր ճանապարհորդող բելգիացիների համար՝ անկախ ուղղությունից։ Այս հարթակի միջոցով ճանապարհորդները կարող են մեկնումից առաջ գրանցել իրենց ուղևորության տվյալներն ու կոնտակտային տեղեկությունները», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ում նշել են, որ գրանցումը իշխանություններին թույլ կտա ավելի արագ կապ հաստատել քաղաքացիների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն արտակարգ իրավիճակի, տարերային աղետի կամ գտնվելու երկրի անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում։

Գերատեսչությունը նաև հիշեցրել է ճանապարհորդներին ընտրված ուղղության անվտանգության վերաբերյալ խորհուրդներին նախապես ծանոթանալու անհրաժեշտության մասին։

«Եթե ուղևորության ընթացքում անտառային հրդեհ բռնկվի, ճանապարհորդներին խորհուրդ է տրվում ուշադիր հետևել իրավիճակին և խստորեն պահպանել տեղական իշխանությունների հրահանգները, ներառյալ տարհանման վերաբերյալ կարգադրությունները, առանձին շրջաններ մուտքի սահմանափակումները և անվտանգության այլ միջոցները», — ընդգծել են Բելգիայի ԱԳՆ-ում։

Source: https://news.am/hy/news/1049192