Բանգլադեշում տեղացած հորդառատ անձրևները սողանք են առաջացրել փախստականների աշխարհի ամենամեծ ճամբարում, ինչի հետևանքով չորեքշաբթի օրը, դպրոցական դասի ժամանակ, զոհվել է յոթ երեխա և մեկ ուսուցիչ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Այս շաբաթ անձրևների հետ կապված տարերային աղետների հետևանքով զոհվածների թիվը կրկնապատկվել է:

Փրկարարները երեխաների մարմինները դուրս են բերել հեղուկ ցեխի շերտի տակից, որը ծածկել էր դպրոցական հյուղակը, որտեղ նրանք գտնվում էին դասի ժամանակ: Իշխանությունների տվյալներով՝ երեխաները մահացել են ցեխահոսքի մեջ խեղդվելու հետևանքով:

Բանգլադեշի Քոքս-Բազար շրջանի գերբնակեցված փախստականների ճամբարներում ապրում է ռոհինջա ժողովրդի ավելի քան 1,2 միլիոն ներկայացուցիչ, որոնցից շատերը Մյանմայից փախել են 2017 թվականի դաժան ռազմական բռնաճնշումներից հետո:

Փախստականների մեծ մասն ապրում է բլուրների լանջերին կառուցված հասարակ ժամանակավոր կացարաններում, որտեղ ճամբարների կառուցման համար անտառները հատվել են: Դրա պատճառով մուսոնային անձրևների սեզոնին հողը դառնում է անկայուն՝ մեծացնելով սողանքների վտանգը:

Բանգլադեշի փախստականների օգնության և հայրենադարձության հարցերով հանձնակատար Մոհամմեդ Միզանուր Ռահմանը հայտնել է, որ զոհվել է յոթ երեխա և նրանց ուսուցիչը: Նա հավելել է, որ չորս հոգի մահացել են դեպքի վայրում, չորսն էլ՝ հիվանդանոցում:

Ավելի վաղ՝ երկուշաբթի գիշերը, երեք տարբեր ճամբարներում տեղի ունեցած սողանքները նույնպես խլել էին առնվազն ութ մարդու կյանք, որոնք մահացել էին քնած ժամանակ: Բանգլադեշի ջրհեղեղների կանխատեսման և նախազգուշացման կենտրոնը հայտնել է, որ ուժեղ տեղումները կարող են շարունակվել ևս չորս օր:

Ռոհինջաների ներկայացուցիչ Սաիդ Ուլլան, որը գլխավորում է Ռոհինջաների միացյալ խորհուրդը, հայտարարել է մարդկանց ավելի անվտանգ տարածքներ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Նրա բնորոշմամբ՝ փախստականների տեղաբաշխման հարցերում պատշաճ համակարգման բացակայությունն է դառնում նման ողբերգությունների պատճառ:

Միավորված ազգերի կազմակերպությունը ռոհինջաների ճգնաժամն անվանում է «աշխարհում փախստականներին առնչվող ամենախոշոր և ամենաերկարատև իրավիճակներից մեկը»: Մյանմայում 2017 թվականի ռազմական գործողությունը, որի ընթացքում հրկիզվել էին ռոհինջաների գյուղերը և սպանվել խաղաղ բնակիչներ, Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ցեղասպանության գործով քննության առարկա է դարձել:

Source: https://news.am/hy/news/1048645