Բայոյից հազարամյա գոբելենը առաջին անգամ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Բրիտանական թանգարանում ցուցադրելու համար։ Եզակի հուշարձանի տեղափոխումն իրականացվել է անվտանգության աննախադեպ միջոցներով, հայտնում է BBC-ն։
Հուլիսի 10-ին գոբելենը հասել է Մեծ Բրիտանիա, իսկ սեպտեմբերից այցելուները կկարողանան այն տեսնել Բրիտանական թանգարանի ցուցահանդեսում։ Սա գրեթե հազար տարվա պատմություն ունեցող այս գործվածքի ողջ գոյության ընթացքում առաջին դեպքն է, երբ այն լքել է Ֆրանսիան՝ մեկ այլ երկրում հանրային ցուցադրության համար։
Մոտ 70 մետր երկարությամբ գոբելենը բաղկացած է 58 ասեղնագործված տեսարաններից, որոնք պատմում են 1066 թվականին Հաստինգսի ճակատամարտին և Անգլիայի նորմանդական նվաճմանը նախորդած իրադարձությունների մասին։
Արժեքավոր ցուցանմուշը թանգարանի տարածք է հասցվել մոտավորապես 03:00-ին՝ հատուկ կոնտեյներով, որն ապահովում էր ջերմաստիճանի և խոնավության անհրաժեշտ պայմանները։ Բեռը նաև տեղադրված է եղել լրացուցիչ պաշտպանիչ շրջանակի մեջ։ Գոբելենին դիմավորողների թվում էին Բրիտանական թանգարանի տնօրենը և Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գոբելենի տրամադրումը ցուցահանդեսի համար անվանել է «վստահության, երկարատև բարեկամության և այն ընդհանուր ձգտման նշան, որով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են միասին կառուցել իրենց ապագան»։
Սակայն ցուցանմուշը փոխանցելու որոշումը մտահոգություն է առաջացրել Ֆրանսիայում։ Որոշ քաղաքացիներ հանդես էին գալիս տեղափոխման դեմ՝ մտավախություն ունենալով պատմական մասունքի պահպանության համար, և ստեղծել էին պետիցիա՝ պահանջելով չեղարկել պայմանավորվածությունը։
Տեղափոխմանը նախապատրաստվելը երկար ժամանակ է պահանջել։ Հիմնական տեղափոխումից առաջ նույն երթուղով իրականացվել են երկու փորձնական փոխադրումներ՝ գոբելենի տեքստիլ պատճենի օգտագործմամբ։ Դա թույլ է տվել գնահատել թրթռումների մակարդակը և բացահայտել հնարավոր ռիսկերը։
Գոբելենը Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Լա Մանշի տակով անցնող թունելով։
Source: https://news.am/hy/news/1049189