Ամերիկյան զորքերը հայտարարել են հուլիսի 17-ի գիշերը Իրանի թիրախների դեմ «հերթական լայնածավալ հարվածների ալիքի» մասին։ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրությունում նշվել է, որ խոցվել են «տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ», այդ թվում՝ առափնյա դիտարկման և հակաօդային պաշտպանության կետեր, «ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներ և ռազմածովային միջոցներ»։ Իրանական Fars գործակալության տվյալներով՝ ամերիկյան հարվածներից վնասվել են մի քանի կամուրջներ հարավային Հորմոզգան նահանգում։ Դրանցից մի քանիսը գտնվում էին Բանդար Աբաս քաղաք տանող երթուղիներում․ այն Հորմուզի նեղուցի ափամերձ քաղաք է, որտեղ տեղակայված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային բազան։

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել կամուրջներին՝ Բանդար Աբաս մատակարարման ուղիները փակելու համար, The Wall Street Journal-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նշվել է, որ այս գրոհները, որոնք լայնածավալ օդային արշավի և ծովային շրջափակման մաս են կազմում, նպատակ ունեն Հորմուզի նեղուցի շրջանում իրանական ռեժիմին զրկել լոգիստիկ ռեսուրսներից։ Իրանական կողմի տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս ինը վիրավորվել է։ Մինչ այդ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել իրանական կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

Իրանի էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն, որը փոխանցում է Tasnim գործակալությունը, ԱՄՆ գնդակոծությունների հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծ Բանդար Աբասում և հարակից գյուղերում։ Fars-ը նաև գրել է այս քաղաքում երկաթուղային հանգույցի վնասման մասին։

CENTCOM-ում հայտնել են, որ հարձակումներն իրականացրել են ամերիկյան կործանիչները, անօդաչու սարքերը և ռազմածովային ուժերի նավերը, որոնք կիրառել են «բարձր ճշգրտության զինամթերք»։ Հարվածների այս ալիքը անընդմեջ վեցերորդն է այն բանից հետո, երբ իրանական ուժերը Հորմուզի նեղուցում հարձակվել էին առևտրանավերի վրա։ Հուլիսի 15-ին ԱՄՆ-ը շրջափակել էր իրանական նավարկությունն այս ծովային ուղում և սկսել էր Իրանի նավահանգիստներ գնացող նավերի վերուղղորդումը, որոշ նավերի դեմ, որոնք չէին ենթարկվել, կրակ էր բացվել։

WSJ-ի հաղորդմամբ՝ Թրամփը մերձավոր օգնականների հետ քննարկումների ընթացքում սկսել է հակվել գործողության ընդլայնման Իրանում՝՝ չնայած հունիսի 17-ին կնքված հրադադարին։ Գործողությունների տարբերակներն են՝ ավիահարվածների ուժեղացումից, այդ թվում՝ մինչ այժմ գրոհի չենթարկված, միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտի դեմ, մինչև Հորմուզի նեղուցի մերձակա կղզիներ զորք ուղարկելը։

Source: https://news.am/hy/news/1050306